Ռուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ
Արտաքին ՔաղաքականՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, գրում են տելեգրամյան ալիքները։
«Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարանին՝ հարցնելով, թե ում անունից է խոսել խոսնակը, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները։ Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթը», - ասել է Մատվիենկոն։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը ԵՄ երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովում Ռուսաստանին մեղադրել էր «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու, իսկ ռուս պաշտոնյաներին՝ «Հայաստանի շահերը պարտադրելու» մեջ։
«Մեր արևելյան հարևանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»,-ասել էր Սիմոնյանը: