Թող համերգի կազմակերպիչը հրապարակի, թե այս համերգի հոնորարն ինչքան է եղել. Էդգար Ղազարյան
ՏեսանյութերԳյումրիում կազմակերպված «Ֆեստիվառի», որին ներկա էր եղել նաեւ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով, դրա շրջանակներում Թաթա Սիմոնյանի համերգի հետ կապված քննարկումները եւ միմյանց հակասող բնութագրումները քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում գնահատեց որպես իշխանությունների կողմից կազմակերպված հասարակության պառակտման հերթական քայլ:
«Այդ համերգի, Շիրակի մարզի, Գյումրիի հանդեպ բացասական վերաբերմունք կար, չէ՞: Ինչի՞ համար: Զոռով մեր հասարակության մեջ պառակտում են մտցնում, վարկաբեկում են այդ հասարակությանը: Ասում են. գյումրեցիներ, դուք 1988 թվականի երկրաշարժի ժամանակ, երբ ձեզ փլատակների տակից հանում էին, առաջինը հարցնում էիք՝ Արցախից ի՞նչ կա: Այսինքն, դուք այնպիսի մարդիկ էիք, որ փլատակի տակից դուրս գալով՝ առաջինը Արցախի համար էիք անհանգստանում, իսկ հիմա դարձել եք Արցախի կործանումից հետո հրճվողներ: Իրականում գյումրեցիները, շիրակցիները այդպիսին չեն, բայց թատերական ներկայացումով նրանց այդպիսին են դարձնում, այդպիսին են ներկայացնում: Ու դրա համար բերել էին Թաթային: Բայց ես մի բան գիտեմ. այդ համերգին Թաթան հայրենասիրական պոռթկումներով կամ գյումրեցիներին սիրելով չի գնացել: Փող կար: Թող համերգի կազմակերպիչը հրապարակի, թե այս համերգի հոնորարն ինչքան է եղել, մնացածի մասին էլ չեմ ասում, որ հսկայական փողեր են: Ու թող մի հատ հիմնավորեն, թե ինչի համար, երբ բլինդաժում գտնվող մեր զինվորները տարրական պայմաններ չունեն»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը: