Իշխանությունն այս անգամ Համալիրի տնօրենի միջոցով է խոչընդոտներ ստեղծում Շարժման աջակիցների համար. «Հրապարակ»
Բլոգոսֆերա«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրինությունը այդպես էլ օր չտրամադրեց հանդիպում-միջոցառում կազմակերպելու համար։
Մեր տեղեկությունների համաձայն՝ շարժման առաջնորդները մերժման նամակ են ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից, այն պատճառաբանությամբ, որ ազատ օր չկա։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին, որպեսզի հասկանա՝ ինչն է մերժման պատճառը, սակայն նրան մեկնաբանել են, որ դա մերժում չէ, եւ հնչեցված պատասխանը պայմանավորված է եղել ազատ օրի բացակայությամբ։ Այնուհետեւ Գառնիկ Դանիելյանը փորձել է հանդիպում կազմակերպել տնօրենի հետ. վերջինս համաձայնել է հանդիպել, սակայն, երբ Դանիելյանը զանգահարել է նրան, տնօրենը չեղարկել է հանդիպումը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջինս հաստատեց այն՝ ասելով, որ զանգահարել է Կարեն Ղազարյանին, նա պատասխանել է, որ քաղաքում չի գտնվում եւ չի կարող հանդիպել։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները տնօրեն Կարեն Ղազարյանի միջոցով ցանկանում են խոչընդոտ առաջացնել շարժման առաջնորդների եւ աջակիցների համար։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրելուց, եւ այդ առիթով համալիրից անընդհատ շրջանցողական պատասխաններ են տալիս շարժման կազմակերպիչներին»»: