Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Գիտություն և ՄշակույթՉարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն …
Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:
Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:
Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմանենրում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով' մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել' վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:
- Ա՛յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատե՞լ կլինի:
- Այդքան էլ արագ չէր:
- Չէ՛, չէ՛, ի՞նչ ես ասում: Այսինքն՝ ես էլ ոչինչ: - Ու քմծիծաղելով, ապա կոմիկ լրջությամբ ցուցամատը քունքին դնելով, ավելացրեց, - ասենք մեղքը ժամանակինն է, տեխնիկայի դար է:
Բարեբախտաբար հիշում եմ, թե ինչպես եղավ, որ գործը սկսեցի: Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե' «լա՛վ է չէ՞ մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, - իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:
- Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:
Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստվել, տրամադրվել է նկարվելու: Նստում է: Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամն դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամդրությունը ցրել' չի ստացվում: Նայում եմ դեմքին' ի՛նքը չէ: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, ի միջի այլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:
- Ինչո՞ւ, - հարցնում է զարմացած:
- Չգիտեմ, վաղը գամ:
Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:
- Ոչինչ, - ասում եմ, - գործդ վերցրու հետդ ու արի տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ' գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր … Լուսիկն արագ – արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում է ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»: Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:
Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս, մտածելով՝ տեսնես փորձե արդյունք տվել է:
… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չերենցն էլ Չերենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան: Տարածված հայկական տիպաժ է: մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը:
- Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …
Դիմանակարը դու եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:
- Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, - ասաց, - հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ: «…»:
Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով' կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:
Վ.Մաթևոսյան «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները»
Նյութը՝ Ք.Ա.-ի