Իվետա Մուկուչյան. սեքսուալությունը կանացիությունն է՝ առանց գռեհիկության
ՀասարակությունԲոլորովին վերջերս Իվետա Մուկուչյանը վաստակեց ժամանակակից ամենասեքսուալ հայուհու տիտղոսը։ Այդ կապակցությամբ NEWS.am STYLE–ը չէր կարող գոնե չփորձել հետաքրքրվել երիտասարդ աստղի գրավչության գաղտնիքով։
Ի՞նչ է սեքսուալությունը։
Սեքսուալությունը կանացիությունն է՝ առանց գռեհկության։
Ո՞րն է ձեր սեքսուալության գաղտնիքը։
Կարծում եմ, պետք է անմիջական ու բնական լինել։ Փոխելով ոճը, սանրվածքն ու հագուստը՝ միշտ պետք է մնալ սեփական անձիդ անդավաճան։ Ես թե՛ բեմի վրա, թե՛ ոճաբանի աթոռին եւ թե՛ անձնական կյանքում «բնական» եմ։ Ահա եւ ողջ գաղտնիքը։
Ինչո՞վ է տարբերվում հայկական սեքսուալությունը մյուսներից։
Մենք, հայուհիներս, ավելի փակ ենք, քան Եվրոպայի ու Ամերիկայի կանայք։ Շատերն այստեղ վախենում են ցուցադրել իրենց սեքսուալությունը, քանի որ դա քննադատում է հասարկությունը։ Սակայն սեքսուալ ու բաց լինելը չի նշանակում անբարոյական կամ չափազանց ազատ պահվածք ունենալ։ Փետք է չափ իմանալ, երբեք չմոռանալ, թե ով ես, եւ չկորցնել դեմքը։ Հետաքրքիր է, որ հայ տղամարդիկ աղջիկներից կանացիություն ու սեքսուալություն են պահանջում, սակայն միաժամանակ քննադատում են այդ հատկությունների ցանկացած դրսեւորում։
Ո՞ր տղամարդն է ձեզ համար սեքսուալ։
Առնական ու խնամված։ Եվ սրանք չեն հակասում միմյանց։ Հայերենում արտահայտություն կա. «տղամարդուց տղամարդու հոտ պետք է գա»։ Ուրեմն այսպես, սիրելի տղամարդիկ, այս ասույթի իմաստը փոխաբերական է, ոչ թե՝ ուղիղ։ Խոսքը ուժի, խիզախության, իր կնոջը պաշտպանելու ունակության, այլ ոչ թե քրտինքի հոտի մասին է…
Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Նոր տարին։
Կլինեմ ընտանիքիս հետ։ Այս տարի շատ եմ ճամփորդել եւ դեկտեմբերի 31 –ին հարազատներիս հետ լինելու ցանկություն ունեմ։
Ի՞նչ կխնդրեիք Ձմեռ պապից այս տարի։
Ինչո՞ւ «կխնդրեի»։ Ես հավատում եմ նրան, ի դեպ, մինչեւ օրս հավատում եմ։ Եւ անպայման կխնդրեմ իմ բաղձալի երազանքի իրականացում։ Գիտե՞ք, մտածում եմ, որ մարդու մեջ երբեք մանկության կայծը չպետք է հանգչի։ Պետք է միշտ հավատալ հրաշքի, լավ իմաստով միամիտ լինել, բարի ու բաց՝ աշխարհին, ինչպես մանկության ոսկե տարիներին։ Իսկ իմ երազանքի մասին ոչ մեկի չեմ պատմի։ Դա անձնական է ու կմնա իմ ու Ձմեռ պապի մեջ։