Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք, ոչ թե իջեցնենք. Ռոմանոս Մելիքյան
Գիտություն և Մշակույթ
Ռոմանոս Մելիքյանը հայ երաժշտության ամենահետաքրքիր ու ականավոր դեմքերից է: Լինելով մեծատաղանդ ու վերին աստիճանի ինքնատիպ կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական եռանդուն գործիչ, երգչախմբի հմուտ ղեկավար և մանկավարժ, նա ծավալեց բազմակողմանի գործունեություն, հանդիսացավ հայ դասական երաժշտության կառուցողներից մեկը:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Ստ. Զորյանի «Հուշերի գրքից» մեկ հատված:
Նրա քայլվածքը առանձնահատուկ էր` թափո՛վ, շտա՛պ: Թվում էր գնում է մեկին օգնելու, մի կարևոր գործի հասնելու, և միշտ լայն շարժումներով, առյուծի բաշը թափ տալով: Բայց և այնպես առաջին տպավորությունը, որ ստանում էինք Ռոմանոսից` այն էր, որ մարդն արտիստ է, բառիս ամենալավ և ամենալայն մտքով:
Այո, նա արտիստ էր ոչ միայն իր արվեստի մեջ, այլև ընկերական կյանքում, կենցաղում, իր տակտով, վերաբերմունքով:
Մյուս տպավորությունը, որ ստանում էինք Ռոմանոսից` այն էր, որ նա իր գործի, իր արվեստի էնտուզիաստն է, և ամեն բանում, ոչ միայն իր արվեստում, այլև շրջապատում փնտրում էր ներդաշնակություն` հարմոնիա:
Երբ 22 թվին Երևանում հիմնվեց Երաժշտական ստուդիան, որը հետո դարձավ կոնսերվատորիա, Ռոմանոսը, լինելով նրա դիրեկոտրը, ահագին ջանք ու եռանդ գործադրեց այդ ստուդիան կազմակերպելու և բարեկարգ վիճակում դնելու համար: Նա այդ գործով խանդավառ էր այն աստիճան, որ բեռնակիր մշակների հետ անձամբ ոչ միայն իրեր, այլև դաշնամուր, սեղաններ ու աթոռներ էր տեղափոխում իր դպրոցը … և կարճ ժամանակում ստուդիան դարձրեց ամենաօրինակելի հաստատությունը Երևանում` իր կահավորումով, մաքրությամբ, կարգապահությամբ:
Մյուս կողմից` նա շարունակ ինտելիգենցիայի շրջանում պրոպագանդ էր անում իր ստուդիայի կարևորությունն ու անհրաժեշտությունը, հաճախ ստուդիայի շենքում կազմակերպում էր երաժշտական երեկոներ, հրավիրելով պատասխանատու աշխատողների և ինտելիգենցիային` իր աշակերտների առաջադիմությունը տեսնելու:
Եվ այսպիսով, դարձյալ կարճ ժամանակում, կարողացավ իր ստուդիան շրջապատել հասարակության լայն խավերի սիրով ու համակրանքով:
Սակայն կային մարդիկ, որ Ռոմանոսի այդ եռանդուն, խանդավառ գործունեությունը համարում էին սնափառություն:
- Դե, ուզում է ուշադրություն գրավել, աչքի ընկնել, կարիերա անել, - ասում էին դրանք:
Տարօրինա՜կ մտայնություն: Խանդավառ աշխատանքը համարում էին սնափառություն, չհասկանալով, որ Ռոմանոսը մեծ անհատականություն է և նախաձեռնող թափի տեր:
Այդ տարիներին ահա, կազմակերպչական ու վարչական գործերի հետ միասին, նա ոգևորված եռանդով աշխատում էր «Զմրուխտի» ժողովածուի վրա և երբեմն-երբեմն հրավիրում ընկերներին նոր հորինած այս կամ այն եղանակը լսելու, կամենալով ստուգել իր նոր երգերի տպավորությունը:
Լինելով նրբաճաշակ արվեստագետ` նա արվեստի մեջ ոչ մի կոմպրոմիս չէր ընդունում և արվեստի անհաջող գործը – լիներ դա երաժշտական, գրական թե նկարչական – միևնույն է, պարզապես վիշտ էր պատճառում նրան: Իսկ այդ օրերին անհաջող, խալտուրային գործեր շատ էին լինում:
- Մենք իրավունք չունենք ժողովրդին անորակ գործեր տալու, - ասում էր հաճախ ընկերական զրույցների միջոցին: - Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք և ոչ թե իջեցնենք:
- Նա գտնում էր, որ ստեղծագործությունը բարձրունք նվաճելու պես բան է: Վա´յ նրան, ով թույլ դիմադրության գծով է գնում: Այդպիսիների դատաստանը ժողովուրդը մի օր կտեսնի, - կրկնում էր նա տեղն եկած ժամանակ:
Նյութը` Ք. Ա –ի
