Նազլը Վահանը` Սրբուհի Տյուսաբի մայրը, ժամանակի ամենազարգացած և հարգված հայ կանացից էր
Գիտություն և Մշակույթ
Սրբուհի Տյուսաբ (Սրբուհի Վահանյան) արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ: Հայ առաջին վիպասանուհի:
Ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքյոյ) թաղամասում: 1869 կամ 1870-ական թվականներին Սրբուհին ամուսնանում է իր իսկ խոսքերով ասած, ամուսիններուն լավագույնը» ֆրանսիացի երաժիշտ Պոլ Տյուսաբի հետ, որը ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև` փաշա տիտղոսով: 1901 թ. հունվարի 3 (16)-ին Սրբուհի Տյուսաբը մահանում է քաղցկեղից, որի աճյունն ամփոփվում է Շիշլիի Լատինաց գերեզմանատանը` դստեր կողքին: Հարազատների կողմից նրա շիրմին կանգնեցվում է համեստ մի հուշարձան ֆրանսերեն տապանագրով. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները: Հավերժ հարգանք ու ափսոսանք»:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Ալբերտ Շարուրյանի «Սրբուհի Տյուսաբ. Կյանքը և ստեղծագործությունը» գրքից մեկ փոքրիկ հատված:
«Մինչ մանկիկ էի հայրս մեռավ, որբ մնացի, սակայն որբություն չճանաչեցի, այնչափ մայրս բոլորովին սեր էր և անձնվիրություն», - երախտագիտությամբ գրել է Տյուսաբը: Հիրավի, Նազլը Վահանը (1814-1884) ոչ միայն «մայր էր եզական. մայր պաշտելի և փարելի», այլև ժամանակի ամենազարգացած և հարգված հայ կանացից մեկը: Նա նույնպես կեսարացի էր. Արզումանյան ամիրայի դուստրը: Տիրապետելով ֆրանսերենին ու հունարենին և ծանոթ լինելով եվրոպական գրականությանը, Նազլը Վահանը այն աստիճան գիտեր հայերենը, որ, ինչպես Մ. Օրմանյանն է պատմում, «կարող կը լիներ իբրև ընտիր ոք հայկաբան դասախոս յուր սիրասնունդ թոռնեկաց ոսկեղեն դարուն լեզվային գանձուց գեղեցկությունները հաղորդել և գաղտնիքները բացատրել»: Նազլը Վահանը մեծ ջանքեր է գործադրել արևմտահայ կրթական-լուսավորական շարժումը ծավալելու գործում. նա է հիմնել Միջագյուղի «Ս. Հռիփսիմյանց» (Ս. Տյուսաբը գրել է, թե իր մայրը Հռիփսիմյան վարժարանի սանուհիներին սիրել է «անհուն սիրով»` «բազում տարիներ դառնալով նրանց վահանը») իգական նշանավոր վարժարանը (1859) և Աղքատախնամ տիկնանց ընկերությունը (1864), մեծ օգնություն է ցույց տվել նաև Գալֆայան որբանոցին. Նարեկյան և Համազգյաց վարժարաններին: Այդ ամենի համար էլ ազգասեր ու բարեգործ կինը վայելել է ժամանակակիցների սերն ու հարգանքը (Ժամանակակիցները, տարբեր առիթներով, համկրանքով են խոսել Նազլը Վահանի հանրային օգտաշատ գործունեության մասին: Մասնավորապես Ա. Արփիարյանը (Հրազդան) Նազլը Վահանի մահվան առթիվ գրած քրոնիկներում նրա դագաղի վրա գրված պսակները համարում է «Պոլսո» հայոց հանրային վշտին» արտահայտությունները: Մի այլ առիթով Արփիարյանը խոսում է Տյուսաբի մոր «ազնիվ սրտի ու ոգու» մասին):
Սրբուհին մեծացել է մոր բարոյական ազդեցության տակ. «Մայրս և ես, մենք երկուքնիս աշխարհ մի կը կազմեինք իրարու համար», և գրողի այն խոստովանությունը, թե իրեն շատ են քաջալերել մոր «զարգացած ու լուրջ գաղափարները», անկասկած ճշմարտություն է: Նազլը Վահանը ոչինչ չէր խնայում իր դստեր բազմակողմանի զարգացման համար: թագուհի Շիշմանյանը (Ծերենցի դուստրը) իր հուշերում պատմում է, թե ինչպիսի խստությամբ է նա հետևել Սրբուհու ուսումնական պարապմունքներին: «Գլխավորապես հոգ տարած էր, - գրում է նա, - նախ իր աղջկան երաժշտության մասին, կը փակե եղեր զայն պզտիկությունը դաշնակին սենեկին մեջ, կարը առնելով դրան դիմացը կը նստի մինչև որ երկու երեք ժամեր հոն անցնե դաշնակին ձայնը լսելով: Աս խնամքն ալ պարապը չէր գացած վասնզի ամենը կըսեին, թե օր. Վ [ահան] լավ երաժիշտ է, և երբ Թագուկ հոն երթար և զայն դաժնակին դեմը նստած գտներ, չէր ուզեր որ ելնե …»:
Նյութը` Ք. Ա.- ի
