Տիգրան Ասատրյան. Ծննդյանս ամենասպասված նվերը սրտանց ասված անկեղծ բարեմաղթանքներն են (լուսանկարներ)
ՀարցազրույցներՍիրված երգիչ Տիգրան Ասատրյանն այսօր` ապրիլի 22-ին, նշում է իր ծննդյան տարեդարձը: Օրվա հետ կապված դեռ շատ անակնկալներ են սպասվում Տիգրանին ու նրա հյուրերին, քանի որ այս տարի երգիչը պատրաստվում է մեծ շուքով նշել իր ծննդյան օրը: Երգչի համար ամենակարևորն այն է, որ այդ գեղեցիկ օրն անցնի ուրախ, իսկ նրա համար ամենասպասված նվերը մարդկանց կողմից ասված սրտանց բարեմաղթանքներն են ու անկեղծ խոսքերը: Իսկ թե երգիչն ում ընկերակցությամբ և ինչպես է պատրաստվում նշել իր ծննդյան օրը, Լուրեր.com-ը փորձել է պարզել նրա հետ ունեցած զրույցի ընթացքում:
- Ինպե՞ս եք պատրաստվում նշել Ձեր ծննդյան օրը: Գիտեմ նաև, որ այս տարի պատրաստվում եք մեծ շուքով նշել այն: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Ամեն տարի ցանկություն է, որ ծննդյանս օրը նշվի ուրախ, իսկ այս տարի կրկնակի տոն է ինձ համար, քանի որ ծննդյանս և ամուսնությանս տարեդարձերը նշելու եմ միասին:
- Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում տոնել այս օրը, և ո՞ւմ ընկերակցությամբ:
- Ես այսօր ծննդյանս օրը նշելու եմ իմ ամենամոտ ընկերների, հարազատների հետ, կլինեն նաև իմ արվեստագետ ընկերները՝ երգիչ, երաժիշտ, հրավիրված կլինեն նաև այստեղի հայ համայնքի իմ ընկերները, և ես կարծում եմ, որ շնորհիվ իմ ծննդյան օրվա՝ ևս մի գեղեցիկ օր կավելացնենք մեր կյանքում, որը հիշարժան կդառնա իմ և իմ բոլոր հյուրերի համար:
- Առհասարակ՝ ծննդյան օրերն ասոցացվում են նվերների հետ: Կհիշե՞ք՝ Ձեր ամենահիշարժան նվերը ո՞ւմ կողմից էր, և ի՞նչ:
- Ինձ համար ամենաթանկ նվերը իմ ծննդյան օրվա անկեղծ շնորհավորանքներն ու սրտանց ասված բարեմաղթանքներն են:
- Իսկ կա՞ մի նվեր, որ սպասված է Ձեզ համար:
- Ինձ համար միշտ սպասված նվեր է, երբ մարդն արդեն իր ներկայությամբ կարողանում է տալ ինձ դրական էներգիա, որ ես կարողանամ ուրախանալ նրանց մարդկային վերաբերմունքից:
- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
- Կարծում եմ՝ իմ համար ամենամեծ ձեռքբերումը հենց այն է, որ ես ծնվել եմ հայ ու հայ եմ, իսկ երկրորդ ձեռքբերումս, որ այսօր ես ունեմ լավ ընտանիք՝ սիրելի կին, հրաշք երեք երեխա, ովքեր երկար տարիներ բնակվելով օտար ափերում՝ մեծանում են հայեցի, և դա ինձ համար և մեծ ուրախություն է և մեծ ձեռքբերում:
- Ինչի՞ համար եք ափսոսում ամենաշատը, երբ հետադարձ հայացք եք նետում Ձեր անցած ճանապարհին:
- Այսօր միմիայն ցավում եմ, ինչու չէ՝ նաև ափսոսում, որ ինձ հետ չեն իմ ծնողները: Այսօր ես երգի ասպարեզում ունեմ հաջողություններ, սիրված եմ ժողովրդի կողմից, կցանկանայի այդ ուրախությունը տեսնեին ու իմ հետ կիսեին նաև իմ ծնողները, բայց ես համոզված եմ, որ նրանք ինձ հետևում են երկնքից ու ուրախանում իմ ունեցած ամեն տեսակ հաջողություններով, դրանով եմ այսօր ես մխիթարվում:
- Հայաստանում է ապրում Ձեր եղբայրը, նաև լուսահոգի հայրն է ապրել այստեղ, երբևէ ցանկություն չի եղել վերադառնալ այստեղ ապրելու: Ի՞նչն է Ձեզ խանգարում:
- Նախ ասեմ, որ ինձ իմ հայրենիքում խանգարող ոչինչ չկա, ուղղակի ես իմ ընտանիքով արդեն 13 տարի բնակվում եմ Ամերիկայում և այստեղ ունեմ շատ անավարտ գործեր, կան նոր աշխատանքային ծրագրեր ու համերգային հրավերներ, ինչպես նաև իմ երեխաներն այստեղ են ուսանում և ունեն շատ մեծ նպատակներ՝ կապված ուսման հետ: Ասեմ նաև, որ մենք ամեն օր, ամեն վայրկյան մտքով ու հոգով բոլորս ապրում ենք մեր հայրենիքով և երբ մեր հայրենիքից լավ լուրեր ենք ստանում, կրկնակի ուրախանում ենք, քանի որ միշտ ցանկանում ենք մեր հայրենիքը տեսնել ուրախ ու պայծառ:
- Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում՝ կապված երգարվեստի և Հայաստան այցելության հետ:
- Երգարվեստի հետ կապված՝ ուզում եմ, որ երբեք չդադարի իմ աշխատանքը. օրերս նկարահանեցի միանգամից մի քանի նոր տեսահոլովակ, որոնք, ասեմ, արդեն հանձնել եմ իմ հանդիսատեսի դատին, և դրանք բավականին մեծ արձագանքներ ունեցան: Ապագայում սպասվում են շատ անակնկալներ իմ երգը սիրողների համար, քանի որ արդեն սկսել եմ նոր երգերի ու տեսահոլովակների աշխատանքները, ունեմ նաև մի քանի համերգային ծրագրեր Ամերիկայի տարբեր նահանգներում, իսկ առաջին մեծ համերգս նախատեսել եմ, ինչպես նաև երազում եմ, որ լինի Հայաստանում, և առա՛ջ Աստված, շատ չի ուշանա, և ես կգամ ու իմ հայրենիքում իմ հայ ազգի համար կներկանայամ մեծ մենահամերգով:
- Ի՞նչ կասեք Ձեր եղբոր՝ Արտաշ Ասատրյանի հետ զուգերգ կատարելու մասին: Երբևէ նման նպատակ չի՞ եղել:
- Արտաշի հետ միասին մենք շատ ծրագրեր ունենք, բայց այսօր շատ բաներ կան, բայց դա թող անակնկալ լինի. միայն կասեմ, որ կա նման նպատակ՝ ոչ միայն զուգերգի, այլև մեծ համերգային ծրագիր ունենք միասին, բայց դա դեռևս թող մնա անակնկալ մեր ժողովրդի համար:
Զրուցեց Ռուբինա Հակոբյանը
{gallery}astig{/gallery}