Արդեն հոգնեցնող PR ակցիաներով բանի չենք հասնի
BlogosphereՖեյսբուքյան օգտատեր Զոհրաբ Եգանյանն իր էջում գրել է. «Վանո Մերաբաշվիլիի հարցազրույց էի լսում, մարդ, ով եղել է Վրաստանի ներքին գործերի նախարար, վարչապետ ու Սահակաշվիլիի թիմի առանցքային դեմքերից: Ասում է, որ իշխանության գալու պահին (2000-ականների սկիզբ) Վրաստանի բյուջեն 1 մլրդ դոլար էր, իրենց հեռանալու պահին` 30 մլրդ դոլար, միայն Հայաստանի, Ադրբեջանի ու Ղազախստանի քաղաքացիների վրա մեքենաներ ու ավտոպահեստամասեր վաճառելով տարեկան միջինացված 2 մլրդ դոլար գումար է մտել պետական բյուջե: Այս մարդիկ իրական հայրենասերներ էին, իրենց երկիրը սիրող իրական ռեֆորմիստներ, ովքեր նաև սխալներ արեցին, ինչը նորմալ է, բայց ավերակներից վեր հանեցին ուժեղ ու շատերիս կողմից բարի նախանձով նայվող Վրաստան:
Հ.Գ Հայաստանի վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, թե ես, թե ՀԿ-ների ներկայացուցիչներ բազմիցս խնդրել ենք, որ գոնե օգտագործված պահեստամասերի ներմուծումը թույլատրեք, որ Ամասիայում, կամ Ճամբարակում շուկա լինի, մերոնք չգնան հասնեն Վրաստան ու փողը շրջանառվի մեր երկրում: Մարդիկ նույնիսկ օգտագործած անվադողերն էին գնում Վրաստանից ու այսպես թե այնպես օգտվում էր հարևան երկիրը: Ոչինչ չարվեց, ավելին` շրջանառվում էին տեղեկություններ, որ դրանք չէին արվում, քանզի նույնիսկ օգտագործված պահեստամասերի որոշակի ներմուծումը կենտրոնացված էր ինչ որ մեկի վարորդի ձեռքում: Ի՞նչ կորցրեցինք մենք` միլիարդների շրջանառություն և առնվազն երկու աղքատ շրջաններ զարգացվելու ժամանակի անդառնալի կորուստ:
Հ.Գ Վանոյի հարցազրույցը տեղադրում եմ, որ լսեն այսօրվա իշխանությունները, այնտեղ խոսքս չկա Շեվարնաձեի կամ Գամսախուրդիայի մասին, այնտեղ կա խոսք արած գործի մասին: Ժամանակը դատում է գործերով, հուսով եմ` դեռ պահը կորցված չէ Հայաստան պետության զարգացման քաղաքականությունը փոխելու համար: Սև ու սպիտակ, նախկիններ ու ներկաներ, կեղծ օրակարգեր, ֆեյսբուքյան գերիշխանություն ու ամենուր արդեն հոգնեցնող PR-ակցիաներով բանի չենք հասնի:
Հ.Գ Վրաստանի պարագայում չհիշեք Աբխազիան ու Հր.Օսիան, դրանք 90 ականներից փաստացի իրենցը չէր ու դե ֆակտո չեն կորցրել արդեն կորցրածը»: