Ինչո՞ւ պետք է 2021թ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը կատարվի 30 տարի առաջ մերժված տվյալներով․ Աշոտ Ղուլյան
BlogosphereՀՀ Ազգային ժողով նախագահի նախկին խորհրդական Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ ամսից ավել սպասում եմ, թե ՀՀ իրավասու կառույցներից որ մեկը կհիշեցնի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին՝ խորհրդային հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից:
Լավ, ենթադրենք Ադրբեջանին դա պետք է արագ անել, քանի դեռ պատերազմի հետևանքները մեզ խոցելի են դարձրել, բայց մենք ինչո՞ւ ենք մոռանում, որ այսօրվա Ադրբեջանը 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտով հրաժարվել է խորհրդային ժառանգությունից և այդ պահից իրեն հռչակել է 1918-20թթ. առաջին անգամ ստեղծված և այդ շրջանում գոյատևած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: (Այդ փաստաթղթի հղումը կգտնեք ստորև)
Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ պետք է 2021թ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը կատարվի այնպիսի տվյալներով, որոնք մերժվել են վերջինիս կողմից 30 տարի առաջ: Էլ չեմ ասում սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, որոնք նույնիսկ խաղաղ պայմաններում և ավելի բարիդրացիական հարաբերություններ ունեցող պետությունների միջև տարիներով չեն իրականացվում»: