Աշխարհում ոչ մի պետություն պատերազմի ընթացքում չի կարող ասել, որ ինքը չի հաղթելու․ Արծրուն Հովհաննիսյան
SocietyԱշխարհում ոչ մի պետություն պատերազմի ընթացքում չի կարող ասել, որ ինքը չի հաղթելու․ դա անբնական բան կստացվի։ Եթե դու ունես հերոսաբար կռվող զորք, և էդ զորքին ասում ես՝ գիտե՞ս ինչ, քանի որ դու ութ անգամ քեզ գերազանցող հակառակորդ ունես, դու շանս չունես հաղթելու․․․ էդպիսի բան չի կարելի ասել զորքին: Այս մասին 44-օրյա պատերազմից մանրամասներ ներկայացնելիս ասել է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այո՛, պատերազմի ընթացքում անիմաստ օպտիմիզմ չի կարելի տալ։ Հաճախ էս հարցում ինձ մեղադրում են։ Բայց եկեք ազնվորեն նայենք 44-օրյա իմ ներկայացրած բրիֆինգների ժամանակագրությունը և կտեսնեք, որ պատերազմի մոտավորապես 20-րդ օրը չկար որևէ ոգևորված օպտիմիզմ․․․ Անդադար զգուշացումներ էին, որ ծանր մարտեր են, վիճակն էնքան էլ լավ չի, բայց պետք չէ ընկճվել»,- նշել է Հովհաննիսյանը։
«Իսկ ի՞նչ է, պետք է ասեի՝ կոտրվե՞ք։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ կանոնավոր զորքը հերոսաբար դիմադրում էր, երկու-երեք պաշտպանական շրջաններում ունեինք գլոբալ պրոբլեմ, մնացած պաշտպանական շրջանները, ամբողջ 2-րդ բանակային կորպուսը հերոսաբար դիմադրում է, ոչ մի քայլ չի նահանջել, ես պիտի խոսեի պարտության մասի՞ն, որտեղ է տրամաբանությունը»,- ասել է նա։