Անահիտ Ավանեսյանի հերթական «ճոխ նվերը» քաղաքացիներին
AnalyticalYerevan.Today-ը գրել է, որ խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետությունը պարտքեր է կուտակել. օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշել են ներքին կարգով դադարեցնել առժամանակ. Այս մասին ներքին կարգով գրություն է իջեցվել ԱՆ-ից:
Ինչպես հասկանում ենք՝ նախարարությունը ի վիճակի չի եղել ճիշտ կառավարել ֆինանսները և այսօր մի ողջ համակարգ բախվել է լրջագույն խնդրի, քաղաքացիներն էլ բախվել են իրենց իրավունքների կոպիտ ոտնահարմանը, քանի որ վերջիններիս համար անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն տրամադրելը կառավարության որոշումն է, ճիշտ է` 2014 թվականից, սակայն, այն դեռ ուժի մեջ է, հետևաբար՝ պարտադիր է կատարման համար: Մինչդեռ մեր կառավարության համար այլևս պարտադիր ոչինչ չկա, կա միայն սեփական նյութական շահը, որն էլ ամեն գնով փորձ է արվում առաջ տանել:
2019թ. ընթացքում առողջապահության նախարարությունում պարգևավճարները կազմել են 185մլն դրամ։ 2020 թվականի միայն առաջին եռամսյակում նախարարությունում բաժանվել է 46.538.704 դրամի պարգևավճար: Ընդ որում՝ նախարարի և տեղակալների պարգևավճարների մասով տեղեկատվությունը չի տրամադրվել: Մեկ անձից գնման ընթացակարգով 2021 թվականի ընթացքում 200,000 հազար դրամի գովազդային ծառայություններ են գնվել, 274,560 դրամի կենցաղային և հանրային սննդի նյութեր,289,060 դրամի տնտեսական ապրանքներ,: 2020 թվականի ընթացքում պարգևատրումը Քովիդի դեմ պայքարի շրջանակներում կազմել է 954 504 059 ՀՀ դրամ: Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ տողի դիմաց գրված է 397 088 237 ՀՀ դրամը, սակայն, հասկանալի չէ այդ ինչ պետական մարմիններ են և ինչ կարիքների մասին է խոսքը:
Ահա թե ինչու նախարարությունը ի վիճակի չէ այսօր անվճար կամ արտոնյալ պայմաններում բուժել ՀՀ քաղաքացիներին, նախարարության համար ավելի կարևոր է պարգևատրումը և մեկ անձից՝ բավական մեծ գումարների դիմաց ծառայություններ գնելը: Բացի այդ, նախարարության համար ավելի կարևոր են, իհարկե, տուրիստները, ովքեր ՀՀ հարկատուների հաշվին այս օրերին Հայաստանում բուժվում են կորոնավիրուսից: Ստացվում է, որ նախարարությունը հրաժարվում է կատարել իր պարտականությունները և գործառույթները և ՀՀ քաղաքացիներից ձեռքերը պարզապես լվանում է...