Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է. ինչ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում
SocietyԱշխարհում նոյեմբերի 14-ն նշվում է Շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օրը, այդ առիթով ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է տվյալներ Հայաստանում այդ հիվանդության հետ կապված աշխատանքների մասին։
«Հայաստանում իրականացվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակներում հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին և մինչև 23 տարեկան երիտասարդներին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ, թեստ-երիզներ և արյան մեջ գլուկոզի չափման սարքեր:
«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով»,- ասվում է գրառման մեջ:
Ըստ աղբյուրի՝ 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:
«COVID-19 համավարակի պայմաններում ՇԴ-ով պացիենտները հանդիսանում են ռիսկի խումբ և խոցելի են հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների առաջացման, ելքի տեսանկյունից:
ՇԴ ունեցողների COVID-19 -ի դեմ պատվաստումը կնվազեցնի հիվանդության բարդ ընթացքն ու անցանկալի ելքերը»,- նշում է ՀՀ առողջապահության նախարարությունը: