Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի և նրանց մերձավորների գույքի վրա
RightՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրանց հետ առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը:
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Թվարկված բոլոր անձինք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Դատախազությունից, սակայն, չմանրամասնեցին, թե կոնկրետ ո՞ր գույքերի մասին խոսքը:
Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ արդեն իսկ երկու գործ է ուղարկվել դատարան: Մեկն առնչվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա մերձավորներին, իսկ մյուսը՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և նրա մերձավորներին։