Հավելավճար ստացողը պատերազմի ժամանակ կարող է տեղի տալ, մյուսը՝ հերոսանալ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Political«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է զինված ուժերի ատեստավորման համակարգը թողել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների 3-րդ,2-րդ,1-ին կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել այդ կարգավորման սկզբունքներով։ Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրմանը։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրումը չպետք է տպավորությունի ստեղծի, որ զինված ուժերում այդպիսի համակարգ գոյություն չունի։
Նա նշեց, որ յուրաքանչյուր կառույցում գոյություն ունեն ատեստավորման հանձնաժողովներ, որի ղեկավարներն են հրամանատարների տեղակալները, և համապատասխան հանձնաժողովներում եզրակացություններ են տրվում, թե տվյալ զինծառայողը համապատասխանում է պաշտոնին, թե՞ ոչ կամ արժա՞նի է առաջխաղացման, թե՞ ոչ։
«Տվյալ առաջարկությամբ զինված ուժերի ատեստավորման ամբողջ համակարգը կապում ենք հավելավճարների հետ: «Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ դա ճիշտ չէ և համապատասխան առաջարկություններ է արել։ Առաջարկությունների հիմնավորման մեջ նշել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրները բերելու են զինված ուժերից արտահոսքի, բերելու է ոչ հավասար պայմանների, մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու։
Մեր առաջարկությունը ներկայացրել ենք Պաշտպանության նախարարության և դա հետևյալն է ՝ զինված ուժերի ատեստավորման համակարգը թողել նույն ձև, բայց մասնագիտական որակավորումների 3-րդ, 2-րդ,1-ին կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել այդ կարգավորման սկզբունքներով»,- եզրափակեց Օհանյանը։