Վրաստանի արտգործնախարարը ողջունում է Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի վերացումը
GeorgiaՎրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի իշխանությունների կողմից երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում է ավելի քան մեկ միլիոն վրացի, ովքեր սերտ կապեր ունեն Վրաստանում բնակվող հարազատների ու ընկերների հետ։
«Մարդասիրական պրիզմայով նայելով՝ այս որոշումը ողջունելի է ցանկացած պատասխանատու մարմնի համար», - ասել է նա:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի հետ ուղիղ չվերթները վերականգնելու և վիզային ռեժիմը չեղարկելու որոշումն անընդունելի է։ Նա համապատասխան հրամանագրերն անվանել է սադրանք։
Մայիսի 10-ին Պուտինը հրամանագիր է ստորագրել Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Համաձայն հրամանագրի՝ մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրերի մուտք գործել Ռուսաստան և լքել երկիրը։ Նա նաև հանել է ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը, որը գործում էր 2019 թվականից։