Մոսկվայում հիմնադրվել է ԴԻԱԼՈԳ մատենաշարը
RussiaՄոսկվայում Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է ԴԻԱԼՈԳ մատենաշարը։ Նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու միմյանց պատմական և մշակութային արժեքներին Հայաստանի և Ռուսաստանի հասարակությունների փոխադարձ ծանոթացմանը, ավանդական գիտական և մշակութային կապերի պահպանմանը և զարգացմանը, հայ և ռուս ժողովուրդների պատմական հոգևոր միասնության խորացմանը։
Ելնելով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և կրթական գործընթացների զարգացման մասին հասարակայնության իրազեկության բարձրացման նշանակությունից, մատենաշարի շրջանակում կհրատարակվեն հայ և ռուս հեղինակների աշխատությունները, որոնք հասարակայնությանը կծանոթացնեն երկու երկրների պատմությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտական, մշակութային և տնտեսական ներուժին։
Մասնավորաբար, արդեն մայիս ամսին Մոսկվայի «Կնիժնիյ միր» հրատարակչությունում լույս կտեսնեն մատենաշարի առաջին թողարկումները։ Դրանք են՝ «Ալեքսանդր Երկանյանի հայկական աշխարհը» հոդվածների ժողովածուն և Ալեքսանդր Կռիլովի «Հարավային Կովկասի պետությունները համաշխարհային քաղաքականության համատեքստում» մենագրությունը։
Պատմաբան և հրապարակախոս Ալեքսանդր Երկանյանի գրքում ամփոփված են հեղինակի՝ համաշխարհային հայկական սփյուռքին նվիրված հոդվածները, որոնք գրվել և 2011-2022 թթ․ լույս են տեսել ռուսալեզու տարբեր հրատարակություններում։
Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովի մենագրությունը վերլուծում է ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ձևափոխումները վերջին երեք տասնամյակի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանի մասշտաբով և դրա առանձին երկրներում աճող քաղաքական, գաղափարական և քաղաքակրթական տարբերություններին, կոնֆլիկտային առկա բարձր ներուժի պատճառներին։
Առաջիկայում ԴԻԱԼՈԳ մատենաշարը ընթերցողի դատին կներկայացնի նաև գրող Աշոտ Բեգլարյանի «Կորած արևի նարինջը» վեպը և պատմվածքները, երիտասարդ բանաստեղծներ Կոնստանտին Շաքարյանի և Էմմա Օգոլցովայի բանաստեղծությունների ժողովածուները և այլ հրատարակություններ։
Նշենք, որ սա Մոսկվայում Յուրի Նավոյանի կողմից հիմնադրված երկրորդ մատենաշարն է։ 2012 թ․ նա հիմնադրել է «Հայ-ռուսական համագործակցության գրադարան» մատենաշարը, որի շրջանակում լույս են տեսել Ստանիսլավ Տարասովի «Առասպելներ ղարաբաղյան հակամարտության մասին» (Նորագույն պետությունների ինստիտուտի հետ համատեղ), Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը», Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան․ հազարամյակների ուղի․․․», Անտոնիո Արսլանի «Ասք Մշո ճառընտիրի մասին» (Մոսկվայում Իտալիայի դեսպանության մշակութային կենտրոնի հետ համատեղ), «Հայաստան – Իրան․ պատմություն, մշակույթ, փոխգործակցության ժամանակակից հեռանկարները» հոդվածների ժողովածուն (Մոսկվայի Լոմոնասովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հետ համատեղ) գրքերը և այլն։ Այս հրատարակությունները մեծ պահանջարկ են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի գիտական, քաղաքական և դիվանագիտական շրջանակներում։