Ի՞նչ անակնկալ է մատուցելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Առավոտ»
Armenian Press«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Ինչ վերաբերում է նախագահ Հարությունյանի հուլիսի 17-ի ուղերձում նշված «կոշտ միջոցներին», ապա վաղաժամ եմ համարում փակագծեր բացելը: Նախագահի նշած մեկշաբաթյա ժամկետը դեռ չի լրացել». Aravot.am-ին այսպես է պատասխանել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Հուլիսի 17-ին, Վերածննդի հրապարակում նստացուցարարներին միանալուց առաջ, արցախցիներին հղած իր ուղերձում, Արայիկ Հարությունյանն ասել էր՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո «մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և Արցախում, և դրանից դուրս»։
Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվել էինք ի՞նչ կոշտ գործողությունների մասին է խոսքը և խնդրել էինք որոշ մանրամասներ ներկայացնել: Սակայն տիկին Ավանեսյանը՝ չի մանրամասնել՝ պատճառաբանելով, որ նշյալ ժամկետը չի լրացել և վաղ է փակագծերը բացելու համար:
Ի դեպ, Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալու քայլը միանշանակ չընկալվեց, շատ քննադատություններ հնչեցին, որ այդպիսով Արայիկ Հարությունյանը նմանվեց հուսահատ քաղաքացու և, ըստ էության, այդ քայլի արդյունքում Արցախի պետական ապարատը անգործության մատնվեց: Արցախի նախագահի խոսնակի պարզաբանման համաձայն, Արցախի հանրապետության նախագահը հուլիսի 17-ի իր ուղերձում նշել է, որ նստացույցը «որևէ կերպ էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունեության վրա, և բոլոր մարմիններն ու պաշտոնյաները շարունակելու են իմ գլխավորությամբ կատարել իրենց ծառայողական պարտականությունները»:
«Այսօր Արցախի հանրապետության իշխանության բոլոր ճյուղերը շարունակում են աշխատել՝ երբեմն ստիպված լինելով նաև հրատապ որոշումներ կայացնել և իրագործել: Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով խորացող ճգնաժամը զգացվում է բոլոր բնագավառներում՝ պատասխանատուներից պահանջելով նոր մոտեցումներ՝ առօրյա խնդիրները լուծելու և կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներին հասնելու համար: Հանրապետության նախագահի նստացույցը, լինելով Արցախի խնդիրներին միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու միջոցներից մեկը, չի կարող խաթարել պետական ապարատի աշխատանքը: Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում է: Նախագահը անխափան կապի մեջ է բոլոր պետական կառույցների, տեղական իշխանության մարմինների հետ, որոնք շարունակում են կատարել իրենց գործառույթները բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու և ներքին ու արտաքին կայունությունն ու անվտանգությունը ապահովելու պարտականությունները»,- պարզաբանել է Լուսինե Ավանեսյանը»: