Դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում․ ՄԻՊ-ը՝ ոստիկանության բաժնում տեղի ունեցած միջադեպի մասին
RightՄարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը փաստաբանի կողմից ահազանգ է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է վերոնշյալ բաժին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Պարզվել է, որ տվյալ անձը բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարզվել է նաև, որ տվյալ անձը բուժօգնություն ստանալուց հետո նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել նաև ՁՊՎ։ Ազատությունից զրկված անձի հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ կազմված բժշկական և այլ փաստաթղթերը։
Ի գիտություն է ընդունվել նաև տվյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը:
Միևնույն ժամանակ, Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով իրավասու պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն, այդ թվում` Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության մասով։
Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում` օբյեկիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։