Ալբերտ Ազարյանի աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում
SocietyԵրևանում վերջին հրաժեշտը տվեցին Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի, Ասիական խաղերի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանին:
Լեգենդար մարմնամարզիկին վերջին հրաժեշտը տվեցին Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, ապա Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Նրա աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում:
Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել է 94 տարեկանում:
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Ալբերտ Ազարյանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: Վախճանվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում: