«Հրապարակ». Իշխանությունն ընտրությունների շեմին որոշել է բարելավել ձայն բերողների սոցիալական վիճակը
Armenian Press«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրից հետո ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում ընդունել են համայնքների ՔՊ-ական ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել գրեթե բոլորը, հանդիպման նպատակը համայնքի ղեկավարների աշխատավարձերի բարձրացման թեման է եղել։ Իշխանությունը որոշել է ընտրությունների շեմին բարելավել պոտենցիալ ձայն բերողների սոցիալական վիճակը:
Գրասենյակում 2 ժամից ավելի քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցը, ասվել է, որ եթե համայնքային բյուջեն տալիս է նման հնարավորություն, ապա կարելի է բարձրացումների գնալ։ Արթիկի ղեկավար Անանիկ Ոսկանյանն առաջարկել է համայնքի ղեկավարների աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրացնել՝ դարձնելով 800 հազար դրամ։ Կարծիքներ են հնչել նաեւ, որ միայն համայնքի ղեկավարներով խնդիրը չի լուծվի, պետք է նաեւ վարչական շրջանների ներկայացուցիչների աշխատավարձերը բարձրանան` նրանք հիմա միջինը 150 հազար դրամ են ստանում: ՔՊ-ականները համայնքապետերին խոստացել են հաշվարկել միջոցները եւ հասկանալ՝ ում աշխատավարձն ինչ չափով կարող են բարձրացնել»: