Հայաստանում նվազել են չարորակ նորագոյացություններից, սրտանոթային հիվանդություններից և շաքարային դիաբետից մահվան դեպքերը
SocietyՀայաստանում նվազել են մահացության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդություններից՝ չարորակ նորագոյացություններից, սիրտանոթային համակարգի հիվանդություններից և շաքարային դիաբետից մահացության դեպքերը:
Այս մասին ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ամփոփելով 2023 թվականը:
2023 թվականին հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի հետազոտությունների 861 հազար 845 դեպք է սպասարկվել, որը 74 հազար 981-ով ավելի է 2022 թվականի համեմատ:
«2023 թվականին գրանցել ենք հիմնական հիվանդացության և մահացության բեռը կազմող հիվանդությունների մասով մահացության ցուցանիշների նվազում: Սա շատ կարևոր ձեռքբերում է։ Այս միտումը գրանցվել է թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛ սրտանոթային հիվանդությունների, թե՛ շաքարային դիաբետի մասով: Սրանք այն 3 հիվանդություններն են, որ Հայաստանում կազմում են հիմնական մահացության բեռը»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարությունից տեղեկացնում են, որ իրականացված ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ միջոցառումների արդյունքում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը 2022 թվականին նվազել են 14.1 տոկոսով, իսկ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 13.5 տոկոսով:
Չարորակ նորագոյացությունների հայտնաբերման և համալիր բուժման արդյունքում հնարավոր է եղել մեծացնել առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազեցնել մահացությունը: Մասնավորապես, 2022 թվականին առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 10.5 տոկոսով, իսկ մահացությունը նվազել է 3.4 տոկոսով: 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 3 տոկոսով, իսկ մահացությունը նվազել է 0.5 տոկոսով:
Շաքարային դիաբետից մահացությունը ևս նվազել է: Եթե 2015 թվականին հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 77 հազար շաքարային դիաբետով անձ, այդ ժամանակահատվածում մահացությունը բացարձակ թվերով կազմել է 1276, ապա 2022 թվականին հաշվառված շուրջ 115 հազար հիվանդների պարագայում մահացությունը բացարձակ թվերով կազմել է 371: Նախարարությունը շաքարային դիաբետով հիվանդների շրջանում մահացության նման նվազումը պայմանավորում է լիարժեք դեղապահովման ծրագրով: