Արևմուտքն արձանագրեց Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի տապալումը
Analytical«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման մասին իր այս տարվա զեկույց-դասակարգումը: Վաստակելով 47 միավոր՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում բարելավել է իր ցուցանիշը մեկ միավորով, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ այսօր լույս տեսած և 2023 թվականին վերաբերող զեկույցում։ Ըստ կազմակերպության՝ «2018 թվականի Թավշյա հեղափոխությանը հաջորդած երկու տարիներին Հայաստանը ժողովրդավարական և հակակոռուպցիոն զգալի բարեփոխումներ է իրականացրել։ Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել՝ առաջին հերթին նոր միջոցառումների սահմանափակ իրականացման պատճառով: Հայաստանը (ինչպես տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրներ) բախվում է անվտանգության լուրջ սպառնալիքների, սակայն ունի ներուժ՝ հաղթահարելու այդ մարտահրավերները և անցնելու կոռուպցիայի արդյունավետ վերահսկմանը»:
Եվ այսպես, ակնհայտ է, որ Արևմուտքը չի հավատում Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին և դրա արդյունավետությանը: Դրան չի հավատում նաև ինքը՝ Փաշինյանը, հակառակ դեպքում՝ իր իսկ շուրթերով չէր հայտարարի, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում փաստացի ձախողվել է: Հեղափոխությունից հետո կոռուպցիոն բնույթ կրող մի շարք քրեական գործերով են անցնում հենց իր՝ Փաշինյանի թիմակիցները, ինչը թերևս լավագույն ցուցիչն է այն բանի, որ գործող իշխանության ներսից էլ կոռուպցիան այդպես էլ արմատախիլ չի արվել: Հենց այս հանգամանքն էլ այսօր փաստում է Արևմուտքը և դա անչափ կարևոր է՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք շրջելու և արևմտյան կառույցներին ինտեգրվելու Փաշինյանի ցանկությունը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ տապալված պայքարը թույլ կտա Փաշինյանին թակել ԵՄ–ի դուռը: Մի շարք երկրների օրինակներ ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարը լուրջ խոչընդոտ է ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին: Դիցուք, ամիսներ առաջ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ «կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը ԵՄ ընդլայնման գործընթացի էական բաղադրիչն է և այն ինը քայլերից մեկը, որը Վրաստանը պետք է կատարի ԵՄ-ին միանալու ճանապարհին»։ Եվ սա մի դեպքում, երբ համարգային կոռուպցիայի դեմ պայքարին միտված բարեփոխումները Թբիլիսին շատ ավելի վաղ էր սկսել, քան Երևանը: ԵՄ-ին անդամակցելու տեսանկյունից կոռուպցիան այսօր լուրջ խոչընդոտ է նաև Ուկրաինայի համար: Օրեր առաջ Եվրոհանձնաժողովի նախկին ղեկավար Յունկերը հայտարարել էր, որ չնայած բոլոր ջանքերին՝ Ուկրաինան շարունակում է կոռումպացված երկիր մնալ, մինչդեռ ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ է ներքին բարեփոխումների լուրջ գործընթաց: Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանն էլ իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող իր կազմ ընդունել Ուկրաինային՝ կոռուպցիայի բարձր աստիճանի պատճառով:
Հետևաբար, պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի՝ արևմտյան կառույցներին ինտեգրվելու կամ վերջիններիցս լուրջ ֆինանսական օժանդակություն, ներդրումներ ստանալու հույսերն առնվազն տեսանելի ապագայում սին են: Կոռուպցիայի դեմ պայքարի նման արդյունավետությամբ Հայաստանն Արևմուտքի համար որևէ հետաքրքրություն չի կարող ներկայացնել և ակնհայտ է, որ ԵՄ-ում Հայաստանին գրկաբաց որևէ մեկը չի սպասում: