Արևմուտքը մղում է Փաշինյանին՝ կրկնելու իր կատաստրոֆիկ սխալները
AnalyticalԱրեւմուտքի հակառուսկաան տնտեսական եւ ֆինանսական սանկցիաները, որոնք սահմանվեցին դեռեւս 2014 թվականին Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցած սրացման հետեւանքով, ըստ ամենայնի, լուրջ հարված չեն հասցնում ռուսական տնտեսությանը: Հիշեցնենք, որ պատերազմի սկսելուց ի վեր ավելի քան 40 երկրներ ՌԴ–ի դեմ սահմանել են ֆինանսական, առևտրային և անձնական պատժամիջոցներ՝ ԱՄՆ-ից և ԵՄ-ից մինչև Հարավային Կորեա, Շվեյցարիա և Ալբանիա: Արևմուտքը սառեցրեց Ռուսաստանի արժութային պահուստները, առգրավեց մեծահարուստ ռուսների զբոսանավերն ու անշարժ գույքը, կտրեց պետական բանկերը համաշխարհային ֆինանսական համակարգից, հրաժարվեց Ռուսաստանից նավթ և ածուխ գնել և արգելեց սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը: Մինչդեռ, արի ու տես, որ այդ ամենից տուժում է հենց արևմտյան տնտեսությունը: Եվրոպական մի շարք երկրներում լուրջ դժվարություններ են ի հայտ եկել էներգետիկ ոլորտում: ԵՄ երկրների ներկրվող նավթի մոտ 30%-ը և բնական գազի 40%-ը գալիս է Ռուսաստանից։ Ուկրաինայում տիրող իրավիճակը նպաստել է Եվրոպայում բնական գազի գնի էլ ավելի մեծ աճին, դա էլ իր հերթին հանգեցրել է եվրոպական երկրների բնակիչների համար էլեկտրաէներգիայի, ջեռուցման և տրանսպորտի, ինչպես նաև հացահատիկի և առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացման: ԱՄՆ-ում նախորդ տարվա մարտին գների աճը կազմել է տարեկան 8,5 տոկոս, ինչը կարող է ռեկորդային լինել ավելի քան 40 տարվա ընթացքում։ Եվրամիությունում պատկերը մի փոքր ավելի դրական է՝ 7,5 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 6,2 տոկոս։ Գերմանիայում էներգիայի թանկացման պատճառով արդյունաբերական ձեռնարկությունների 16%-ը դադարեցնում կամ կրճատում է արտադրությունը: Տուժել է էներգա ինտենսիվ արտադրությունը, ներառյալ՝ պողպատի, ապակու և ցելյուլոզայի և թղթի արդյունաբերությունը: Այս ոլորտի ներկայացուցիչների 32%-ը պլանավորում է կրճատել կամ դադարեցնել արտադրությունը։ 8%-ն արդեն արել է դա։
Ճապոնական խոշոր վերլուծական կենտրոնը կարծում է, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն ավելի շատ եկամուտ է ստանում էներգակիրների արտահանումից, քան մինչ դրանց ներդրումը։ Դեպի Արևմուտք արտահանման ծավալների կրճատման երկու երրորդը «շրջվել է» դեպի Ասիա և Մերձավոր Արևելք։ Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում արևմտյան տնտեսության հետ, թերևս լավ դաս է ՀՀ իշխանություններին, որոնք, Արևմուտքի ասեղը թելելով, ամեն գնով փորձում են կտրել ՀՀ-ՌԴ տնտեսական կապը՝ մոռանալով, որ Հայաստանի տնտեսությունը շատ ավելի խորն է խարսխված ռուսական տնտեսության վրա, քան եվրոպականը կամ արևմտյանը: Վերջին ամիսներին նախ Միացյալ Նահանգները, ապա նաև Եվրամիությունը, մատնացույց անելով Արևմուտքից Հայաստան, ապա նաև այստեղից Ռուսաստան արտահանման ծավալների շեշտակի աճը, հորդորում էին չաջակցել Կրեմլին և հայացքը ԵԱՏՄ-ից թեքել դեպի ԵՄ։ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները պետք է հաշվի առնեն պարզ հաշվարկը՝ Հայաստան ներմուծվող նավթամթերքի 77 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից: Ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը՝ ուրանը, Հայաստանը ևս ներկրում է Ռուսաստանից։ ԵՄ-ն թեև հայտարարում է, որ աջակցում է ՀՀ էներգետիկ անկախությանը, սակայն հասկանալի չէ, թե կառույցը դրա տակ ինչպիսի առարկայական աջակցություն է հասկանում: Դժվար է ենթադրել, որ ԵՄ-ն կարող է փոխարինել ՌԴ-ին․ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման առումով ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին նոր էներգետիկ և տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնելու: Խնդիրներ, որոնք լուծման հարցում Արևմուտքն ի վիճակի չի լինի օգնել, քանզի ինքն էլ այսօր կանգնած է բազմաթիվ տնտեսական մարտահրավերների առջև: