ՌԴ–ն ակնկալում է Մոսկվայում Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ՌԴ դեսպան
ForeignՌուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին՝ Մոսկվայում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում։ Դա նույնպես ենթադրում է պատվիրակությունների, այցերի փոխանակում։ Մայիսին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողով անցկացնել Մոսկվայում, և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է, որ դրան կմասնակցի նաև նախագահող երկրի առաջնորդ, վարչապետ Փաշինյանը», – ասել է Կոպիրկինը։
«Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետները։ Դրան մասնակցում էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դա շատ կարևոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր են, դրանք կիրականացվեն և, բնականաբար, շփումներ, այցելություններ կպահանջեն», - ասել է Կոպիրկինը։
Դիվանագետն ավելացրել է, որ կան մի շարք հրավերներ ռուսական կողմի հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսվող նշանակալի միջոցառումներին։
«Հիմա ամեն ինչ չեմ թվարկի։ Մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Իհարկե նման փոխանակումները, այդ թվում՝ բարձր մակարդակի այցերը, օրակարգում են», - ասել է Կոպիրկինը։