Ռուսները սահմանները չպաշտպանեցին, ձև արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին․ Ալեն Սիմոնյան
PoliticalԱյսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ինչու՞ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, եթե Նիկոլ Փաշինյանի խոսքով անդամակցությունը սառեցված է․
«Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Ուզում եմ մի քիչ վստահեք մեր քաղաքական դիրքորոշմանն ու մարտավարությանը, շատ բաներ չեմ կարող բարձրաձայն ասել, բայց յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու վրդովմունքը, զայրույթը, վերաբերմունքը լիովին ես ու ՀՀ իշխանությունը կիսում ենք»,- նշեց Սիմոնյանը։
Նա նաև պատասխանեց «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ հարցին․
«Նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ իրենք այնտեղից դուրս գան, դա իմ անձնական կարծիքն է, որովհետև մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք։ Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, հաճախ նաև ձև արեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն»,- ասաց ԱԺ նախագահն ու շարունակեց․
«Եկան Լեռնային Ղարաբաղ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, է՞դ են պաշտպանել, մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցեն դուրս»։
Հարցին՝ այս դեպքում ուրեմն ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում, Սիմոնյանն արձագանքեց․
«Ես չգիտեմ՝ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է»։