Ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները
RightՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Արամ Արամյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործությունների 4313 դեպք (2022 թվականին` 4955 դեպք):
2023 թվականի ընթացքում արձանագրվել է ծանր հանցագործությունների 587 դեպք՝ 2022 թվականի 741 դեպքի դիմաց: Բացահայտման ցուցանիշը 2023 թվականին կազմել է 30.6%՝ 2022 թվականի 20.6%-ի դիմաց:
Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 39,6 %-ով. արձանագրվել է 187 դեպք՝ 2022 թվականի 134 դեպքի դիմաց:
2023 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ նվազել է 385-ով. 2023 թվականին արձանագրվել է 1700 դեպք:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 566 քրեական վարույթ՝ 635 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 375 քրեական գործ (վարույթ)):
Արամ Արամյանի խոսքով՝ 2023 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում Երևան քաղաքի Պուշկինի 2, Կողբացու 50ա, Մոսկովյան փողոցի 29/4, Աբովյան 8 և Աբովյան 10 հասցեներում գտնվող շենքերի և շինությունների օտարումն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով, իսկ հետագայում իրավասու պետական պաշտոնատար անձանց կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել առանձնապես խոշոր արժեք ունեցող վերոնշյալ գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ:
Վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքում՝ վարչական շրջանների դատախազության կողմից Հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում. նախաձեռնվել է 5 քրեական վարույթ: Ոչ իրավաչափ եղանակով օտարված վերոնշյալ անշարժ գույքերը պետությանը և համայնքին վերադարձնելու նպատակով՝ Վարչական դատարան է ներկայացվել 2 դիմում և 3 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: