Կառուցապատման թույլտվությունները 4 մարզում կտրամադրվեն էլեկտրոնային համակարգի միջոցով
SocietyԿառուցապատման թույլտվությունների ստացման ողջ գործընթացը հանրապետության 4 մարզում 2024թ․ մայիսի 1-ից կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը փետրվարի 29-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով ընդլայնվում է e-permits.am էլեկտրոնային համակարգի կիրառությունը։
Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
Այսպիսով՝ նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացում ներգրավված պետական, համայնքային մարմինների և մատակարար կազմակերպությունների հետ կապը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կիրականացվի էլեկտրոնային e-permits.am հարթակում՝ «մեկ պատուհան» սկզբունքով։ Արդյունքում՝ կկրճատվի վերջիններիս հետ կառուցապատողների շփումը, պահանջվող ժամանակը, կապահովվի գործընթացների թափանցիկությունը, ինչպես նաև կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման հետ կապված առկա խնդիրները։
Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգ և կծառայի որպես շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան:
Սահմանված ընթացակարգի շնորհիվ առցանց եղանակով հասանելի կլինեն ներգրավված կառույցների համաձայնեցումները, տուրքերի վճարումները կկատարվեն էլեկտրոնային եղանակով, ինքնաշխատ եղանակով կստուգվեն մուտքագրվող տվյալները, կապահովվի տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանների միջև կապը, կօգտագործվեն առցանց քարտեզներ և այլն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից e-permits.am համակարգը պիլոտային կարգով արդեն գործարկվում է Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում։ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը քաղաքաշինական թույլտվությունների գործընթացը Հայաստանում ամբողջությամբ իրականացնել էլեկտրոնային միասնական հարթակում։