«Պեգաս» չգործող ռեստորանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
Emergency CaseՄարտի 9-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասի «Պեգաս» ռեստորանի տարածքում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Պարեկները դեպքի վայրը սահմանազատել են մինչև կժամանեին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը։
Պարզվել է, որ «Պեգաս» չգործող ռեստորանի մոտ, Մ6 միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում մոտ 5 մետր բարձրությամբ հենապատի տակ է հայտնաբերվել մահացածի դին՝ ակնհայտ տարբեր մարմնական վնասվածքներով։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Թումանյանի քննչական բաժնի քննիչ Դ․ Հակոբյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գևորգ Գ․-ն է։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է դեպքին ականատես, ով հայտնել է, որ Գևորգ Գ․-ն լինելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, ճոճվելով քայլել է նշված վայրում, նստել է հենապատի վրա, ապա կարճ ժամանակում կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել։
Նշված տեղեկության հավաստիությունը ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։