ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան
AnalyticalԱզգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, ապա պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ ԱԺ-ում օգնական, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքները որպես իր շեֆի շնորհավորանք հրապարակող Էմմա Պալյանը վերջերս հայկական ինֆորմացիոն դաշտի «աստղն» էր դարձել, բնականաբար, ոչ թե դարակազմիկ օրենսդրական նախաձեռնության, այլ հերթական անգամ անհեթեթագույն մտքեր արտահայտելու առիթով:
«Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում, և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ և միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի: Դա էլ ոչ շատ հաճախ է լինում»,- ի պատասխան ԶԼՄ հրապարակումների՝ ասել է Էմմա Պալյանը:
Թե ինչով է կոնկրետ օգնում Ալբերտն Էմմային, պարզ չէ, վերջերս հայտնի դարձավ, որ ամուսնուն ԱԺ-ում ձևակերպելուց հետո, առաջ կամ զուգահեռ նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ, աշխատանքի է տեղավորել: Ընդ որում, հարցի բարոյական կողմից զատ, կա նաև իրավականը: Պատագամավորն, ամուսնուն որպես իր օգնական նշանակելով, կոպիտ կերպով խախտել է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված սահմանափակումները, ինչը պետք է իրավական հետևանք առաջացնի այդ տիկնոջ նկատմամբ։
Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի եղբորը՝ Հայկ Պալյանին, ապա նա էլ ՔՊ-ական մյուս պատգամավորի՝ Կարեն Սարուխանյանի օգնականն է:
Սա ժողովրդավար Հայաստանն է, ժողովրդավարության բաստիոնը, ինչպես աջ ու ձախ սիրում են հայտարարել ՔՊ-ականները։ Աֆղանստանում, օրինակ, Թալիբան շարժման առաջնորդը պաշտոնյաներին հրամայել է աշխատանքից ազատել կառավարման պաշտոններում իրենց հարազատներին։ Փաստորեն, թալիբների ղեկավարած Աֆղանստանում այս հարցում շատ ավելի խիստ են, քան Փաշինյանի և ՔՊ-ի ղեկավարած ժողովրդավար Հայաստանում...