Դեբետում կկառուցվի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ
Science and cultureԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրում կառուցվելիք հանրակրթական դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ՔՈԱՖ-ի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հյուրեր:
Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտում պետական միջոցներով կատարվող ներդրումներին, մասնավորապես՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու և հիմնանորոգելու Կառավարության ծրագրերին, որոնց նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում կրթական բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ կրթությունը դարձնել առավել հասանելի։
«Վստահ եմ, որ լավ միջավայրում կրթության հարուստ բովանդակությամբ և արհեստավարժ ուսուցիչներով նոր դպրոց կունենանք: Շնորհակալություն այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ուզում ունենալ մեր երկրի կրթության ոլորտի փոփոխություններին ուղղված ծրագրերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Դպրոցի կառուցման «Գիր հաստատման» հուշաթուղթը բարերարների ստորագրությամբ և դպրոցի կրտսեր աշակերտների ձեռքերով դրվել է շինության հիմքում, որով էլ տրվել է Դեբետի դպրոցի շինարարության պաշտոնական մեկնարկը:
Կառուցվելիք դպրոցը կլինի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ. այն կունենա ժամանակակից դասարաններ, լաբորատորիաներ, ստեղծագործական տարածքներ, սպորտային խաղահրապարակներ՝ Դեբետում ստեղծելով նոր կրթական միջավայր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում դպրոցի շենքը հագեցած կլինի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կխթանեն արդյունավետ ուսուցման գործընթացը։
Նոր դպրոցը կծառայի որպես հիմնական ուսումնական հաստատություն՝ ներառելով տարրական, միջնակարգ և ավագ դպրոցների ծրագրերը։ Շենքը կբավարարի շուրջ 190 աշակերտի ուսումնառության պահանջը: Դպրոցի բացումը նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերին:
Դեբետի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 114 աշակերտ, որոնց ուսումնառությունը ժամանակավորապես կազմակերպվում է «COAF ՍՄԱՐԹ» կենտրոնում և Դեբետի վարչական շենքում: