ՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
OtherՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությած պատվիրակությունը մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 16-20-ը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։
Նախարարի տեղակալը հանդես է եկել ազգային զեկույցով, որում ներկայացրել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության առաջնահերթությունները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ հանձնառությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
Գլխավոր համաժողովի շրջանակներում Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպմանը քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությունների ստեղծման ծրագրերը և ԱԷՄԳ-ի հետ փոխգործակցության հեռանկարները։
ՀՀ պատվիրակությունը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ, այդ թվում հանդիպումներ ԱԷՄԳ-ի մասնագիտացված ստորաբաժանումների հետ։
ՀՀ պատվիրակության կազմում են Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը, ՀԱԷԿ տնօրինությունը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները։