Իսրայելը կարող է հարվածել Իրանին, եթե Թեհրանի հարձակումն անխուսափելի լինի. The Times of Israel
PhotosԻսրայելի ղեկավարությունը դիտարկում է Իրանի դեմ կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը, եթե Թեհրանի հարձակումն անխուսափելի լինի։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Ըստ պարբերականի՝ օգոստոսի 4-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է ունեցել բանակի և հետախուզական ծառայությունների ղեկավարության հետ։ Այս հանդիպման մասնակիցների թվում են եղել պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին, Մոսադի հետախուզության պետ Դեյվիդ Բարնեան և Գլխավոր անվտանգության ծառայության (հակհետախուզության) ղեկավար Ռոնեն Բարը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ կանխարգելիչ գործողությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե բացարձակ վստահություն լինի, որ Իրանի մտադրությունների վերաբերյալ հետախուզությունը ճիշտ է, նշում է հրատարակությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Յոթնյակի խմբի արտգործնախարարներին ասել է, որ Իրանը և «Հեզբոլլահը» կարող են հարձակում սկսել Իսրայելի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում։