ՔՊ-ական թեկնածուի կողմից թույլ տված անօրինություններ եմ նկատել. Վեդի համայնքի ղեկավարի թեկնածու
ПолитическиеԱյսօր պարզ դարձավ, որ մարտի 27-ին Վեդիի արտահերթ ընտրություններին կմասնակցի 2 ուժ՝ ՔՊ-ն և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակը գլխավորած, խոշորացված Վեդի համանյքի կազմի մեջ մտած Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանի հետ:
Նա ասաց, որ ընտրություններում շանսերը շատ բարձր է գնահատում, բայցև նշեց, որ ամեն ուժ մտածում է, թե հաղթողն ինքն է և ժողովուրդը հենց իրեն կվստահի. ամեն ինչ պարզ կլինի մարտի 27-ին:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք թեժ ընտրապայքար է ընթանում իր և իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանի միջև, պատասխանեց. «Այս պահին մրցապայքարը հանգիստ է ընթանում, բայց, վերջիվերջո, իշխանության թեկնածուի դեմ ենք պայքարում»,- նշեց Սպարտակ Թարթիկյանը:
Վերջինիս խոսքով՝ ՔՊ-ական թեկնածուի կողմից թույլ տված անօրինություններ է նկատել, բայց, քանի որ այս պահին ձեռքի տակ չունի փաստեր, չի խոսի դրանց մասին:
Մեր զրուցակիցը նկատեց, որ, ի տարբերություն ՔՊ և Հանրապետություն կուսակցություններին, ժողովրդի՝ իրենց տված քվեն «քամուն չեն տվել». «Մեզ տված քվեն շատ ամուր, աչքի լույսի պես պահել ենք, իսկ «ՔՊ» և «Հանրապետություն» կուսակցությունները մաշեցրել և խժռել են իրենց քվեները, այդ պատճառով գնացինք նոր ընտրության, բայց կարող էին իրենք գալ որպես ավագանի կամ այլ տարբերակ քննարկել»,- ասաց Սպարտակ Թարթիկյանը:
Դիտարկմանը, թե արդյոք մտավախություն չունի, որ այս անգամ էլ ընտրության արդյունքներն առոչինչ կլինեն, ինչպես որ եղավ դեկտեմբերի 5-ին, զրուցակիցը պատասխանեց. «Քանի որ այս ընտրություններին արդեն 2 ուժ է մասնակցում, միանշանակ մեկն ու մեկը 50+ ձայն կհավաքի և կավարտի ընտրությունները. որոշողը ժողովուրդն է, բայց կարծում եմ, որ լավ կլինի»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում Թաթրիկյանի ղեկավարած քաղաքական ուժը ՔՊ-ից շատ ձայն էր ստացել՝ 8666 ձայն (ՔՊ-ն՝ 7 690 ձայն)։ Սակայն ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության հետ ավագանու ընտրված անդամների, բոլոր թեկնածուների ինքանբացարկների միջոցով պարտադրեցին նոր ընտրություններ։
Զվարթ Պետրոսյան