Տարերքը՝ կինո․ Ֆրունզե Դովլաթյանը կդառնար 95 տարեկան
Наука и культураԱյսօր հայ կինոյի ամենանշանավոր եւ տաղանդաշատ ռեժիսորներից մեկի՝ Ֆրունզե Դովլաթյանի հոբելյանն է. կինոյի մեծ վարպետը կդառնար 95 տարեկան:
Սցենարիստ, դերասան և ռեժիսոր Դովլաթյանը իրապես բազմատաղանդ ստեղծագործող էր, սակայն նրա մեծ տարերքը կինոն էր: 1940-ականների սկզբից նրա ճակատագիրն անխզելիորեն կապվեց կինոյի հետ, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Երբ 1959 թվականին նա ավարտեց Համամիութենական կինոինստիտուտը՝ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը, արդեն հասուն և ուրույն մտածողությամբ ռեժիսոր էր, որի լավագույն դրսևորումը դարձավ Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը: Այս ֆիլմով Դովլաթյանը հայ կինոն ներկայացրեց Կաննի կինոփառատոնում:
Իր ստեղծագործական վերելքի տարիներին նա ստեղծեց հայ կինոյի լավագույն ֆիլմերը: Բայց տաղանդավոր ռեժիսոր լինելուց բացի Դովլաթյանը նաև փայլուն կազմակերպիչ էր, որը 1967-1969 թվականներին ղեկավարել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը, իսկ 1986 թվականից նաև «Հայֆիլմի» գեղարվեստական ղեկավարն էր։ Դովլաթյանի ամբողջ ստեղծագործությունը ընդունված կարծրատիպերը փշրելու և նոր մտածողության վառ օրինակ է»,- ասված է կինոկենտրոնի հրապարակման մեջ։