Մահացել է 109-ամյա մեքսիկուհին, ով հանդիսացել է «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմի տատիկի նախատիպը
ДругоеՄեքսիկայում 109 տարեկանում մահացել է Մարիա Սալուդ Ռամիրես Կաբալյերոն, ով հանդիսացել է Կոկո տատիկի նախատիպը «Disney»-ի օսկարակիր «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմում։ Այս մասին Facebook-ում հայտնել է Միչոական նահանգի զբոսաշրջության քարտուղար Ռոբերտո Մոնրոյը։
«Խորապես վշտացած եմ Դոնյա Մարիա Սալուդ Ռամիրես Կաբալյերոյի՝ «Մայր Կոկոյի» մահով՝ անխոնջ կին և կյանքի օրինակ, ով դարձավ ողջ աշխարհը նվաճած այս սիրելի կերպարի ոգեշնչումը»,- նշել է նա։
Մուլտֆիլմի թողարկումից ի վեր Մարիա Սալուդ Ռամիրես Կաբալյերոյի ընտանիքը պահանջում է, որպեսզի Disney-ն ընդունի, որ մուլտֆիլմը հիմնված է Սանտա Ֆե դե լա Լագունայի 109-ամյա բնակչուհու պատմության վրա:
Ավելի ուշ Pixar-ը բացատրել է, որ նախագծի մշակման ընթացքում թիմը զրուցել է Մեքսիկայի մի քանի նահանգների բնակիչների հետ՝ ծանոթանալու Մեռյալների օրվա ավանդույթներին: Ռամիրես Կաբալյերոյի հարեւանները հաստատել են, որ նկարահանող խումբը ապրել է նաև կնոջ ընտանիքի հետ։
Մարիա Սալուդ Ռամիրեսն իսկապես նման է հերոսուհի Կոկոյին։ Մուլտֆիլմի թողարկումից հետո կինը օրեր շարունակ փողոցում նստել է նախագծի պաստառի կողքին, իսկ զբոսաշրջիկները չնչին գնով նկարվել են նրա հետ։
Ինչպես նշում է El Pais-ը, մեքսիկուհին ամուսնու հետ միասին իրենց կյանքը նվիրել է խեցեգործությանը և մեծացրել երեք երեխա ու մեկ տասնյակ թոռ ու ծոռ: