Արցախցիների միասնությո՞ւնը ոգեշնչեց ընդդիմադիրներին. Սեյրան Օհանյանը՝ սպասվելիք հանրահավաքի մասին
ПолитическиеՆոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանուն Արցախի, հանուն Հայաստանի անվտանգության խորագրով հանրահավաք:
Արդյոք ընդդիմությունը մտադրություն ուներ հանրահավաք կազմակերպելու և ինչ ակնկալիքներ ունի հերթական հանրահավաքից, այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Աջակցելով Արցախին՝ մենք աջակցում ենք Հայաստանին: Ընդհանուր առմամբ, հանրահավաքները և տարբեր մասշտաբի միջոցառումները մեր դիմադրության շարժման շրջանակներում են, և շատ լավ է, որ այն համապատասխանել է նաև Արցախի հանրահավաքին, և ակնհայտ է, որ այս հանրահավաքի հենց բուն իմաստը լինելու է Արցախի հանրահավաքին աջակցություն ցույց տալը»,-ասաց Օհանյանը:
Այն հարցին, թե չեն վախենում արդյոք, որ հանրահավաքին սպասվածից ավելի քիչ մարդիկ կմասնակցեն, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ և Արցախում, և Հայաստանում մարդիկ հասկանում են, որ մեզ կարող է փրկել միայն ու միայն միասնությունը և պետք է պայքարել մեր ինքնության համար»:
Թե ինչ խնդիրների լուծում կտա հանրահավաքը, «Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ այն կամրապնդի միասնությունը, իսկ միջազգային հանրությանը ցույց կտա, որ հայ ժողովուրդը ի վիճակի է պայքարելու իր ինքնության համար:
«Քանի որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և հատկապես Հայաստանի իշխանությունները գտնվում են ճնշումների և պարտադրանքների տակ, այս հանրահավաքի նպատակը պետք է լինի երկու ուղղությամբ երաշխիքների ձևավորման՝ Ազգային երաշխիքներ, դա Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության վերականգնումն է, բանակի մարտունակության վերականգնումը, իսկ մյուս ուղղությունը, միջազգային երաշխիքների ձևավորումն է, այսինքն՝ արտաքին լայն ընդգրկվածություն ունեցող քաղաքականության միջոցով բանակցությունների, բանակցությունների համար նորմալ մարտավարական քայլերի իրականացում»,- նշեց Օհանյանը:
Նրա խոսքով՝ այս ամենին կարող ենք հասնել այն դեպքում, երբ ձերբազատվենք պարտվողի հոգեբանությունից, ձերբազատվենք պարտված իշխանություններից և, իհարկե, արտաքին աշխարհում լուրջ, ամուր բռունցքը սեղանին խփող բանակցող պետք է լինի,
այսինքն՝ բանակցողի փոփոխությունը մեր ժողովրդի համար չափազանց կարևոր է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի էր ունեցել մեծ հանրահավաք, որին մասնակցել են նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդը, Ռուբեն Վարդանյանը եւ այլ պաշտոնյաներ: