Արթուր Բաղդասարյանը ընտրվել է «Միջազգային կրթական և հետազոտական ալյանս» հիմնադրամի նախագահ
ОбществоԵՄ և Արևելյան գործընկերության 12 երկրների 34 գիտակրթական կազմակերպությունների որոշմամբ հիմնադրվել է «Միջազգային կրթական և հետազոտական ալյանս» հիմնադրամը՝ միջազգային կազմակերպության կարգավիճակով։ Այս հիմնադրվել է՝ ամփոփելով 2021-2022թթ, Իտալիայի Բոլզանո, Ֆրանսիայի Լիոն, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ, Գերմանիայի Հայդելբերգ, Շվեյցարիայի Ցյուրիխ, Ավստրիայի Ինսբրուք և Հայաստանի Երևան քաղաքներում տեղի ունեցած քննարկումները և կայացրած որոշումները:
Ընդհանուր ժողովի որոշման համաձայն ընտրվել է Միջազգային կրթական և հետազոտական Ալյանսի ղեկավար կազմը։ Ալյանսի նախագահ է ընտրվել Հայաստանի Եվրոպական համալսարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը, փոխնախագահներ` Սեբաստիան Արկոսը՝ Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի Էկլիա բիզնես դպրոցի և Հիբրիա տեխնոլոգիաների և բիզնեսի ինստիտուտի տնօրեն (Ֆրանսիա), Ստեֆան Օրթները՝ Հարավային Տիրոլի Բոլզանոյի Եվրակ հետազոտական կենտրոնի տնօրեն (Իտալիա), Արթուր Բաբաևը՝ Չելսի բիզնես դպրոցի և Օքսֆորդ օնլայն դպրոցի տնօրեն (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։
Ժողովի որոշմամբ կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Մարտին Կլոցը (Գերմանիա)։
Կազմակերպության գրասենյակները կգործեն Երևանում, Լիոնում, Հայդելբերգում, Օքսֆորդում և Բոլզանոյում։
Հիմնադիրների հանդիպումը տեղի կունենա 2023 թվականի մարտին Լիոնում՝ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով:
Կազմակերպության առաջիկա տարիների ռազմավարության մասին կհաղորդվի ավելի ուշ: