Ուռուցքաբանության ինստիտուտն այս տարի ընդունել է 16 293, ճառագայթային թերապիա է ստացել 1 585 անձ
ОбществоՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրենը, փոխտնօրենները, բաժանմունքների ղեկավարները դեկտեմբերի 23-ին ներկայացրել են տարեկան հաշվետվությունները: Ժողովին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը, մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՈՒԱԿ լրատվական ծառայությունից:
Տնօրեն Նարեկ Մանուկյանն իր ելույթում հատկանշական է համարել այն, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ 2017 թվականի համեմատ հիվանդանոցային ընդհանուր մուտքերը կրկնապատկվել են: Ընթացիկ տարում ՈԻԱԿ-ը պետությանը վճարել է ավելի քան 1 միլիարդ դրամ հարկ՝ բարելավելով իր դիրքերը խոշոր հարկատուների ցանկում:
Տարեկան հաշվետվության ժամանակ շեշտվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ՈՒԱԿ-ն ընդունել է 16 293 պացիենտ, կատարվել է 7 118 վիրահատություն, ճառագայթային թերապիա է ստացել 1 585 պացիենտ, 8 086 հոգի ստացել է քիմիաթերապիայի կուրս, 2022 թվականին հետազոտվել է 65 355 անձ:
Ըստ աղբյուրի՝ ներկայացվել են կենտրոնում կատարված բացառիկ վիրահատությունները (Լյուիսի վիրահատություն լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով, լյարդի օջախների միկրոալիքային աբլացիա, արթրոսկոպիկ վիրահատություններ, ենթաստամոքսային գեղձի լապարասկոպիկ մասնահատում, հետկրծոսկրային գիգանտ խպիպի հեռացում և այլն): Անդրադարձ է եղել նոր ներմուծված ծառայություններին, ձեռք բերված գերժամանակակից սարք-սարքավորումներին, մատնանշվել առաջիկա անելիքները, սպասվող փոփոխությունները:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր ամփոփիչ ելույթում շնորհակալություն է հայտնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին առողջապահական ոլորտում մեծ ներդրման համար, գնահատել, որ այն փոփոխությունները, որոնք արվել են կենտրոնում, աննախադեպ են, լայնածավալ և նշանակալից:
Տնօրեն Նարեկ Մանուկյանը տարեկան հաշվետվության ավարտին շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կենտրոնի կողքին կանգնած լինելու, հանուն քաղաքացիների տարատեսակ ծրագրեր, ներդրումներ կատարելու համար: Մանուկյանը իր երախտիքն է հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին՝ սիրով և անձնվիրաբար աշխատելու և կենտրոնի առաջընթացին ու զարգացմանը նպաստելու համար՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ այս մեծ փոփոխություններն ու ձեռքբերումները հնարավոր են միայն ու միայն թիմային աշխատանքի շնորհիվ: