Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են իրավիճակը. մանրամասներ
Политические«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախցի երեք երիտասարդների առեւանգումը բողոքի ու հուզումների պատճառ էր դարձել Արցախում։ Մարդիկ երեկ ինքնաբուխ հավաքվել էին Արցախի Ազգային ժողովի շենքի դիմաց եւ հանդիպում էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Չորս ժամից ավել տեւած քննարկումներ են եղել, որից հետո Արայիկ Հարությունյանը դուրս է եկել ու պատասխանել ներկաների հարցերին։
ԱՀ նախագահը նախ մարդկանց տեղեկացրել է, որ մի քանի օրից հացի պակասի լուրջ խնդրի առաջ են կանգնելու եւ ամեն ինչ անելու են ճանապարհը բացելու համար։ Վերջինս հայտարարել է,որ ինտեգրումն ու Աղդամ-Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը չեն ընդունում։ Ազգային ժողովի դիմաց ինքնաբուխ հավաքին ներկա Տաթեւիկ Աղաջանյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ Արայիկ Հարությունյանը նշել է, որ քննարկմանը ներկա են եղել նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Սամվել Բաբայանը։ Որոշումը միասնական քննարկումների արդյունքում է կայացել։ Հարությունյանն ասաց, որ միայն Բերձորի միջանցքի բացումն են ընդունելի համարում։ Աղաջանյանը նշեց նաեւ,որ մարդիկ շատ հուզված են եղել, անընդհատ ընդհատել են Արայիկ Հարությունյանին։ Տիգրան Պետրոսյանը, ով մինչ վերջերս հանդես էր գալիս որպես թունդ ընդդիմադիր եւ Արայիկ Հարությունյանին ընդհուպ մինչեւ դավաճան էր անվանում, վերցրել է խոսափողը, փորձել է խոսել, սակայն մարդիկ սուլել են ու թույլ չեն տվել նրան ելույթ ունենալ։ Ինքնաբուխ հավաքի մասնակիցները Արայիկ Հարությունյանի հետ հարցուպատասխանից հետո լքել են Ազգային ժողովի տարածքը։