Փարաքար-Էջմիածին մայրուղում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը
СпортՀանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով այսօր երրորդ անգամ անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում են ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը:
Մրցաշարն անցկացվելու է 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝
• 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ.
• 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.).
• 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված և բարձր).
• աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով:
Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:
Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: