ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյայի անկեղծացումը. դաշինքը չի գնա ընդդեմ Թուրքիայի՝ հանուն Հայաստանի
АналитическийՀարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ուշագրավ հարցազրույց է տվել Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցին: Ի թիվս այլ հարցերի, լրագրողը Կոլոմինայից փորձել է ճշտել հետևյալը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ակնհայտ կերպով աջակցում է Ադրբեջանին՝ արդյոք վերջինս հնարավոր համարո՞ւմ է Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում Թուրքիայի ուղիղ միջամտությունը, և այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ի արձագանքը՝ հաշվի առնելով, որ այս անգամ «վիճարկելի տարածք» արդարացումը չի կարող լինել, քանի որ խոսքը միջազգայնորեն ճանաչված երկրի մասին է։ Ուշագրավն այն է, որ Կոլոմինան փաստացի խուսափել է ուղիղ պատասխանել այդ հարցին՝ նշելով, որ չի կարող մտնել իր դաշնակիցների արտաքին քաղաքական կողմնորոշումների մեջ, մյուս կողմից էլ առաջ է քաշել թեզը, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է նպաստել Հարավային կովկասում խաղաղության հաստատմանը: «Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք շատ կապված ենք այդ երկու սկզբունքներին՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն: Մենք միշտ պարզ ենք եղել՝ մեզ համար դրանք շատ կարևոր են»,- ասել է պաշտոնյան:
Ինչպես տեսնում ենք, թեև Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները մեծ հույսեր են կապում Հյուսիսատլանտյան դաշինքի և վերջինիս կողմից հնարավոր օգնության հետ, վերմաֆորմատավորում են հայկական բանակը ՆԱՏՕ չափանիշներին համապատասխան, օրակարգ են բերում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը, ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց շուրթերով հայտարարում են, որ չեն ցանկանում միջամտել դաշնակից Թուրքիայի որոշումներին: Սա նշանակում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ սպառնալիքների, կամ նոր պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու դեպքում ՆԱՏՕ-ն ոչինչ չի պատրաստվում ձեռնարկել և Հայաստանն ինքնուրույն պետք է լուծի իր առջև ծառացած անվտանգային մարտահրավերները: Արևմուտքի կողմից ՀՀ-ին աջակցությունը հիմնականում հայտարարությունների մակարդակի է և ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պաշտպանել Հայաստանը կամ առնվազն զսպել իր առանցքային դաշնակիցներին: