Փաշինյանի թիմակիցների մանիպուլյացիաները. Անահիտ Մանասյան
АналитическийՇարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել այն պաշտոնյաներին, ովքեր, մեղմ ասած, անկեղծ չեն գտնվել հանրության հետ, փորձել են դիմել մանիպուլյատիվ հնարքների, խմբագրել սեփական հայտարարություններն ու քայլերը՝ այսօր կանդրադառնանք Անահիտ Մանասյանին:
Դիցուք՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանն, շնորհավորելով լրագրողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, վերջիններիս նաև հորդորել է պահպանել էթիկայի կանոնները և զերծ մնալ ատելության խոսքի տարածումից: Հետաքրքիր է, թե ինչու է նորանշանակ ՄԻՊ-ը նմանատիպ կոչ-պահանջ հնչեցնում լրագրողների հասցեին, մի դեպքում, երբ նմանատիպ վարքագծով աչքի են ընկնում հիմնականում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը աչքի է ընկնում լրագրողների հանդեպ իր մեծ սիրով:
Կամ մեկ այլ օրինակ՝ ՄԻՊ-ը գրեթե բոլոր ռեզոնանսային իրադարձությունների մասին տեղեկանում է համացանցից և սոցցանցերի օգտատերերի գրառումներից: Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է զբաղված ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը, գուցե այնտեղ պարզապես չեն պատասխանո՞ւմ քաղաքացիների զանգերին կամ պատասխանելուց օպերատիվ չեն գործում:
Մանասյանը խորհրդարանի ամբիոնից խոստանում էր լինել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանը: Սակայն, որքան անցնում է ժամանակը, այնքան ավելի հստակ է դառնում, որ Մանասյանը նախընտրում է հեռու մնալ այսպես կոչված՝ շառոտ թեմաներից և զբաղվել միայն անշառ և ապաքաղաքական հարցերով: Օրինակ՝ վերջինս ավետել է, որ իր ջանքերով վերականգնվել է քաղաքացու նպաստը կամ կրթություն ստանալու իրավունքը: Այս ամենն, անշուշտ, ողջունելի է և որքան ավելի մեծ թվով քաղաքացիների իրավունքներ վերականգնվեն՝ այնքան ավելի լավ: Սակայն, դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ երկրում առկա են շատ ավելի լուրջ և սուր խնդիրներ, որոնց շուրջ ցանկալի կլիներ և նույնիսկ անհրաժեշտ է լսել ՄԻՊ կարծիքն ու գնահատականները:
Ուշագրավ է, որ երբ Անահիտ Մանասյանին խնդրում են դիրքորոշում հայտնել դիցուք՝ այսպես կոչված՝ անկլավների, Արցախի հարցի կարգավորման ընթացքում իշխանությունների որդեգրած քաղաքականության և հնչեցրած հայտարարությունների մասով, ապա նա պնդում է, որ չունի որևէ դիրքորոշում: Այսինքն՝ ստացվում է, որ ՄԻՊ-ն ունի դիրքորոշում միայն այն հարցերում, որոնք ուղղակիորեն չեն հակասում Փաշինյանի և նրա թիմի վարած քաղաքական գծին, օրինակ՝ ինչպես Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում: Մյուս բոլոր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը նախընտրում է անշառ դիրքորոշում որդեգրել, այն է՝ չորդեգրել և ոչ մի դիրքորոշում: