«Երբեք չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան շատ կտար ու ոչինչ չէր վերցնի». արցախցի հասարակական գործիչը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
Фотографии«Երբեք չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան շատ կտար ու ոչինչ չէր վերցնի»,- Արցախում մի շարք հասարակական և սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնող Գոհար Գրիգորյանը «Հրապարակ»–ի հարցազրույցում պատմել է օկուպացված Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին։
«Երբ նա եկավ Արցախ, ես նրան ճանաչում էի`որպես Ռուբեն Վարդանյան։ Մինչ այս տարակուսում էինք՝ ինչո՞ւ է նա ամեն ինչ թողել ու եկել Արցախ, ի՞նչ է անելու այստեղ, ի՞նչ նպատակով է տեղափոխվել։ Մի խոսքով, անվստահությամբ էինք վերաբերվում։ Բայց երբ հանդիպեցի նրան, գիտե՞ք՝ ինչն ինձ զարմացրեց, նրա հավատարմությունը, նրա արձագանքողականությունը, տեսակը: Ամեն անգամ, երբ ես կապ էի հաստատում նրա հետ, նա պատրաստ էր լսել, քննարկել և օգնել:
Տղաներից մեկը պատմում էր, թե ինչպես է նա շրջափակման ժամանակ իր հղի կնոջը գրկած՝ տեղափոխել հիվանդանոց։ Չեմ մոռանա, թե ինչպես է արձագանքել Ռուբեն Վարդանյանը. դա նրա համար շոկային էր։ Նա անմիջապես գլխի է ընկել, որ պետք է էլեկտրական մեքենաներ գտնել և այդ նպատակով դրանք օգտագործել։ Հիշո՞ւմ եք, որ նրա օգնությամբ գործում էր ճաշարան, որի ծառայություններից օրական օգտվում էր ավելի քան 600 մարդ, իսկ ճաշարան գնալ չկարողացողների համար ճաշը բերում էին իրենց տուն։ Եվ գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր։ Ռուբեն Վարդանյանն անձամբ էր պարապմունքներ անցկացնում երիտասարդ կամավորների հետ, ովքեր օգնում էին նրան այդ հարցում։ Նա ասում էր, որ կրթությունն ամեն ինչի հիմքն է։ Նա երիտասարդներին տվել է ինտելեկտուալ մեծ արժեքներ։ Պատերազմից առաջ նա եղել է մեր գյուղում՝ Մարտակերտի շրջանի Պողոսագոմերում։ Այնտեղ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, և նա ցանկացել էր տեսնել այն։ Մարդիկ հավաքվել էին ու ասել՝ ինչ է պետք իրենց (դա օգոստոսին էր)։ Նա հրամայել էր փայտի վառարաններ պատրաստել, քանի որ առաջ էր նայում և գիտեր, որ շրջափակումը երկար է տևելու։
Ես երբեք չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան շատ կտար ու ոչինչ չէր վերցնի։ Իսկ նա միայն տվեց մեզ, անգամ իր ընտանիքը լքեց՝ հանուն Արցախի։ Նա ամեն ինչ տվեց»,-ասել է Գոհար Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր արդեն 133 օր է, ինչ Ռուբեն Վարդանյանն ապօրինի կալանավորված է Ադրբեջանի կողմից։ Ինչպես հայտնի է, հունվարի վերջին կալանքի ժամկետը երկարացվեց ևս չորս ամսով։