Արևմուտքի 10 միլիարդանոց նվերն՝ Ադրբեջանին. Հայաստանը՝ կոտրած տաշտակի առաջ
АналитическийԵրկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող փոխադրամիջանցքի ստեղծման համար: Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն սևծովյան և կովկասյան տարածաշրջանների միջոցով վճռականորեն առաջ է շարժվում դեպի Կենտրոնական Ասիայի հետ ուղիղ տրանսպորտային կապեր, ինչն արվում է կենտրոնական Ասիայի երկրների, Թուրքիայի, Արևելյան գործընկերության երկրների հետ լիարժեք համագործակցությամբ, որոնք ակտիվորեն մասնակցում են ներդրողների ֆորումին։ Հիշեցնենք, որ այսպես կոչված Տրանսկասպյան միջանցքը անցնելու է Ադրբեջանի տարածքով: Ներդրումային ընդհանուր փաթեթը կազմում է 300 միլիարդ եվրո: Այս որոշմանը նախորդել էր Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի կողմից ստորագրված «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի մասին» քառակողմ հռչակագիրը, որն ընդգծում էր Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված քայլերը։
Սակայն, սա դեռ ամենը չէ: 2022 թվականին տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ է հատկացրեl Ադրբեջանին: Չմոռանանք, որ մոտավորապես 5 միլիոն եվրո էլ ԵՄ-ն տրամադրել էր Ադրբեջանին՝ ականազերծման ծրագրեր իրականացնելու նպատակով:
Իսկ այժմ համեմատենք այն ներդրումները որ ԵՄ-ն անում է Ադրբեջանում, և այն 270 միլիոն եվրոն, որ ԵՄ-ն պատրաստվում է տրամադրել Երևանին, այն էլ 4 տարիների ընթացքում: Ակնհայտ է, որ ԵՄ-ն Հայաստանը չի դիտարկում տարածաշրջանային նախագծեր կյանքի կոչելու համատեքստում, չի ֆինանսավորում անգամ Փաշինյանի առաջ քաշած Խաղաղության խաչմերուկ նախագիծը, Ժոզեպ Բորելի շուրթերով ակնարկելով, որ այս պահին ԵՄ-ն չունի նման հնարավորություններ: Սակայն, ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանում ռազմավարական նախագծեր իրագործելու համար գումարներ գտնվում են: Փաստ է, որ տարածաշրջանում ԵՄ-ն ու Բաքուն ունեն համատեղ նախագծեր, իսկ Հայաստանի հետ այդ նախագծերի անգամ մշուշոտ ուրվականը չի երևում: Եթե սրան էլ գումարենք ԵՄ գազային կախվածությունը Ադրբեջանից, ապա պարզ է, թե Հարավային Կովկասում որ երկիրն է համարվում ԵՄ հիմնական գործընկերը, իսկ ում կարելի է խաբել ընդամենը 270 միլիոն եվրո դրամաշնորհ տրամադրելով...