Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար
МирՀայաստանը ցանկանում է նոր ատոմակայան կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը՝ 2036 թվականը. նորը նախնական պատկերացումներով կլինի 400-600 Մվտ հզորությամբ։ Այն պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կարողանա կլանել ամբողջ էներգետիկ համակարգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմայի շուրջ։
Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում էներգետիկ ոլորտը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի. երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսն արտադրում է ատոմակայանը, մոտ 30 տոկոսը՝ ՋԵԿ-երը, մոտ 20 տոկոսը՝ ՀԵԿ-երը և մոտ 10 տոկոսն արտադրում են արևային կայանները։
«Ի ուրախություն մեզ, եթե մենք մի քանի տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ արևային կայանների բաժինը զրոյին բավական մոտ էր կամ 1 տոկոս էր, և այս 10 տոկոսը, որը հիմա ունենք, բավական արագ տեմպով հիմա աճում է և այնքան արագ, որ մեր ռազմավարության մեջ նշված թիրախներից մի փուլ առաջ ենք ընկել», - ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, հաճախ է խոսվում էներգետիկ առումով կախվածության մասին, սակայն ընդհանրապես որևէ ռեսուրսից կախված չլինել հնարավոր չէ։