Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
ПравоՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում:
Վերջինիս նպատակն է ցույց տալ, թե ինչպիսի մարտավարությամբ և գործողություններով է մարտն իրականացվել, ինչպես են կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողություն հաստատել ու ինչպես են իրենց դրսևորել ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Սակայն մեր դեպքում այդ կադրերն ավելի շատ ցույց են տալիս, թե առաջնագծի տարբեր ուղղություններում ինչպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել մեր զինծառայողները, աշխարհազորը, կամավորականները, ուժային մյուս կառույցների մարտական ստորաբաժանումները:
Խիստ անհավասար մարտերում, այդ հարձակման հետևանքով 200-ից ավելի մարդ զոհվեց, իսկ Ադրբեջանն Արցախի ընդհանուր շրջափակումից բացի վերահսկողություն հաստատեց Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր կոմունիկացիանների նկատմամբ, ըստ էության, շանս չթողնելով հետագա պայքարի համար:
Այն մարդիկ, ովքեր անտեսում են 44-օրյա պատերազմն ու դրանից հետո ստեղծված ծանր իրադրությունը, ովքեր լռում էին 9-ամսյա անմարդկային բլոկադայի օրերին, ովքեր անտեսում են արցախցիների դիմադրությունը, նրանք կա´մ լավագույն դեպքում մոլորյալներ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ գործող քարոզիչներ:
Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին, որոնք արտահայտվում են և´ քաղաքական, և´ քարոզչական տիրույթում` արտադրելով տեղեկատվական աղբ և հսկայական քանակի ապատեղեկատվություն»: