«Ես այդ մարդկանց, որոնք ստորագրել են Արցախի լուծարման փաստաթուղթը, ամեն ինչ արել են, որ Արցախը լուծարվի, չեմ կարող համարել վերնախավ». Ա. Հովհաննիսյան
Всемирная прессаTert.am-ը գրում է.
Բանակցությունները հարթ չեն ընթանում, առկա են մի շարք դժվարություններ, բայց խաղաղության պայմանագրի բովանդակության մեծ մասը համաձայնեցված է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Բաքվից տարբեր հայտարարություններ ենք լսում, որոնց մի մասը կառուցողական չեն: ՀՀ-ն, սակայն, շարունակում է առաջ տանել իր նարատիվները, մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ: Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանից ավելի վատ հայտարարություններ են հնչել, բայց ստացվել է որոշակի հաջողության հասնել, հետևաբար եկեք սա որպես փակուղի չհամարենք» ,- ասաց նա:
Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցությունն ունի ստացված դրվագներ, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ այդ խոսակցությանը միջամտում են տարածաշրջանային այլ երկրներ, որոնք այլ շահեր ունեն, նրանց կողմից ճնշումները ևս կարող են անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան խոսակցության վրա: Կարող է երրորդ երկրի ներգրավվածության արդյունքում Ադրբեջանն այլ հռետորաբանություն դրսևորի, սա խանգարում է բանակցային գործընթացին»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մշտական հայտարարություններին՝ պատգամավորն ասաց. «Իլհամ Ալիևը խոսում է Հայաստանի Սահմանադրության մասին, բայց մենք էլ ոչ մեկ անգամ ասել ենք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը Հայաստանի ներքաղաքական կյանքն է, ու Ադրբեջանն իրավունք չունի խառնվելու դրան: Եթե ՀՀ-ում կա սահմանադրական փոփոխությունների քննարկում, ապա դա սկսվել է «թավշյա հեղափոխության» ընթացքում։ Հետևաբար, համեմատությունը, որ Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը ու մենք սկսել ենք խոսել դրանից, պատվիրված ու կեղծ նարատիվ է»:
Անդրադառնալով արցախցիների իրավունքների ու վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի բանակցություններից դուրս թողնելու մասին արցախցի պաշտոնյաների հայտարարություններին՝ Հովհաննիսյանն ասաց. «Ես այլևս չեմ ճանաչում ԼՂ-ում պաշտոնյա և վերնախավ, ես այդ մարդկանց, որոնք ստորագրել են Արցախի լուծարման փաստաթուղթը, ամեն ինչ արել են, որ Արցախը լուծարվի, չեմ կարող համարել վերնախավ: Ինչ վերաբերում է հարցը դուրս թողնելուն, ապա այդ բանակցությունները ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև են: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի հարցը բոլորս էլ հասկանում ենք, որ մտել է փակուղի, այն պատճառով, որ երբ մենք համոզում էինք, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիայում բանակցեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որ կարողանան իրացնել իրենց իրավունքներն իրենց հողում, դաշնակները ներսում փոխեցին նախագահին, բոլոր նրանց, ովքեր ուզում էին գնալ բանակցելու, անվանեցին դավաճաններ ու Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին «թոկը վզներին» ուղարկեցին Եվլախ: Երբ ասում եք՝ ԼՂ մեր հայրենակիցների վերադարձ, վերադարձ ո՞ւր, չեն կարող, որովհետև նոյեմեբերի 9-ի հայտարարությունը չկատարվեց, ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել այդ անվտանգությունը»։