«Քաղաքում» սերիալից Կարբիտ. Ինքս Կարբիտից «բեթար» եմ եղել

2013-05-25 22:44:17

esyes.am-ի միջոցով արդեն ծանոթացել եք «Քաղաքում» սերիալի Անուշիկի, Համբարձումի և Ջամշոյանի դերակատարների՝ Անաիս Սարդարյանի, Էմիլ Գալստյանի և Գոռ Մարտիրոսյանի կյանքի մանրամասներին ու որոշ բացահայտումներ արել: Նշված սերիալի սիրված դեմքերից է նաև Կարբիտին մարմնավորող Մովսես Նիկողոսյանը, ով չի սիրում շատ խոսել, սակայն esyes.am-ը կարողացավ նրանից մի շարք հարցերի պատասխաններ կորզել :) Սերիալում խաղալուց բացի Մովսեսը խաղացել է 10-ից ավելի ներկայացումներում՝ «Երեք Գրոշանոց օպերա», «Սալեմի վհուկները», «Քո կյանքի ժամերը» և այլն, ինչպես նաև բեմադրություններ է արել՝ օրինակ՝ «Ոտքի դատարանն է գալիս»:

-Տեղյակ եմ, որ ավարտել ես Թատերական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրա բաժինը՝ Երվանդ Ղազանչյանի կուրսը, իսկ այժմ որպես դերասան ես հանդես գալիս: Դժվար չէ՞:

- Չէ, դժվար չէ, որովհետև կարծում եմ՝ ռեժիսորը նախ պետք է դերասան լինի: Ցանկացած ռեժիսոր պետք է տիրապետի դերասանի վարպետությանը, քանի որ աշխատում է դերասանների հետ:

-Սերիալում նկարահանվելու առաջին փորձդ է: Արդյոք նկարահանվելու համաձայնությունդ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Կարբիտի կերպարն ի սկզբանե համապատասխան է եղել քեզ:

- Ասեմ, որ Կարբիտի կերպարն ընդհանրապես նման չէ ինձ: Պարզապես առաջարկ եղավ ու համաձայնեցի: Կարբիտի կերպարը սկզբում միանգամայն այլ էր, այնուհետև սցենարիստը, ըստ իմ խաղի, թեքեց ուղղությունը: Նշեմ նաև, որ մինչև թատերական ընդունվելն ինքս Կարբիտից «բեթար» եմ եղել:)

-Կպատմե՞ս մարմնավորածդ կերպարի մասին: Ըստ քեզ, ինչպիսի երիտասարդ է նա:

- Կարբիտը բարի, քյարթու, դոդ, հետամնաց, ամբողջ կյանքում փողերի մեջ մեծացած, անիմաստ բաների վրա ժամանակ ծախսող կերպար է:

- Այսօր, այդպիսի կերպարները շա՞տ են մեր հասարակության մեջ:

- Այո, փողոցում էլ, հենց Կարբիտի նման, ինձ շատերն են մոտենում: Տղաները հիմնականում ասում են «ապեր դզումա, ժարիտ ես անում»: Իսկ աղջիկները հիմնականում նայում են ու այնպես են նայում, որ ես մոտենամ իրենց (ծիծաղում է,-հեղ):

- Ինչպե՞ս կբնութագրես այսօրվա երիտասարդությանը, որի ներկայացուցիչներից ես:

- Կարծում եմ, այսօրվա երիտասարդները խմբերի են բաժանվում: Դե իհարկե, Կարբիտի նմաները կան, կան նաև ժամանակակից, զարգացած երիտասարդներ: Ընդհանուր առմամբ՝ մեր երիտասարդներն այժմ բավականին ակտիվ ու խելացի են:

-Հետաքրքիր է, նկարահանումներից դուրս ունեցածդ ազատ ժամանակն ինչպե՞ս ես օգտագործում:

- Սիրում եմ կենդանիների մասին հաղորդումներ դիտել, կամ ընկերներիս հետ բիլիարդ խաղալ ու քաղաքից դուրս գնալ:

- Քո խաղին հետևո՞ւմ ես:

- Այո, հիմնականում ինտերնետով. փորձում եմ հասկանալ՝ լա՞վ եմ խաղում, թե՞ ոչ: Պահեր է լինում, որ Կարբիտն ինձ էլ է ծիծաղեցնում:

-Ընդհանրապես սերիալներ նայո՞ւմ ես:

-Հիմնականում ընկերներիս խաղին եմ հետևում: Նաև, ի տարբերություն մեծամասնության, ում սերիալում սյուժեն է հետաքրքրում, ես որպես ռեժիսոր եմ նայում այդ ամենին:

-Նախասիրություններիցդ ո՞րը կբացահայտես:

- Նվագում ու երգում եմ: Դա հայրիկիցս եմ ժառանգել, որովհետև նույնիսկ երաժշտական դպրոց չեմ գնացել: Երգեր եմ գրում ու չի բացառվում, որ ապագայում ներկայացնեմ տեսահոլովակս ու հանդիսատեսին ներկայացնեմ իմ ստեղծագործությունները: Այժմ երգերի ձայնագրությամբ եմ զբաղվում, որոնք էլ առաջիկայում կներկայացնեմ:

-Կնշե՞ս բնավորությանդ լավ և վատ գծերը:

-Լավն այն է, որ նպատակասլաց եմ ու անում եմ այն, ինչին ցանկանում եմ հասնել: Առաջիկա նպատակներիցս մեկն էլ երգով ներկայանալն է: Իսկ վատ գիծն այն է, որ շատ կասկածամիտ եմ:

-Կպատմե՞ս ընտանիքիդ մասին, քույր, եղբայր ունե՞ս: Դերասանական արմատներ ունե՞ս:

- Ոչ, ընտանիքում դերասաններ չկան: Հայրս երաժիշտ է ու արվեստի շունչը միշտ եղել է մեր տանը: Մայրս էլ դեղագործ է: Երկու քույր ունեմ, ովքեր ինձնից փոքր են:

-Աղջկա համար արածդ ամենառոմանտիկ քայլը ո՞րն է եղել:

- Մի անգամ գիշերը՝ ժամը չորսին, որոշեցի տեսնել սիրածս աղջկան: Գնացի իրենց դռան մոտ, խնդրեցի, որ դուռը բացի՝ տեսնեմ իրեն: Փորձեց բացի, շխկշխկոց եկավ ու դիմացի հարևանն անմիջապես զանգեց ընկերուհուս և ասաց՝ ձեր տուն գող է մտնում: Այնուհետև խնդրեցի բանալին պատուհանից ինձ գցի, ես փորձեմ բացել, սակայն մի քանի անգամ փորձելուց հետո այն կոտրվեց ու մնաց կողպեքի մեջ: Այդպես, առավոտյան նրանց տան բոլոր անդամներն ուշացան աշխատանքից իմ ռոմանտիկ քայլի պատճառով:

- Իսկ այժմ ընկերուհի ունես:

- Այո: Նրան շատ եմ սիրում. այդքանը:

- Պատմությունը ներկայիս ընկերուհուդ հե՞տ էր կապված:

-Ոչ:)

Դիտվել է 2622 անգամ:

Լրահոս
24 Հուլ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը