Խոշոր պայթյուն Մեքսիկական ծոցի գազարդյունաբերող պլատֆորմի վրա
ԱշխարհՄեքսիկական ծոցի Լուիզիանայի ափամերձ շրջանում գազարդյունաբերող պլատֆորմի վրա խոշոր հրդեհ է բռնկվել. հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը: Հրդեհը բռնկվել էր բնական գազի անվերահսկելի արտանետման արդյունքում:
Բոլոր 44 աշխատակիցները բարեհաջող կերպով տարհանվել են նախքան հրդեհը: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Իշխանությունները դեռևս չեն կարող նշել, թե երբ կհաջողվի կարգավորել իրավիճակը: Ափամերձ ծառայությունը 500 մետր շառավղով արգելել է նավերի երթևեկությունը: Դաշնային քաղաքավիացիայի վարչությունը փակել է գոտին 600 մետր բարձրությամբ չվերթների համար:
Իշխանությունները վստահեցրել են, որ այս հրդեհը շրջակա միջավայրին չի հասցնի այնպիսի զանգվածային վնաս, ինչպիսին տեղի ունեցավ 2010-ին BP-ի նավթի արտահոսքի ժամանակ: Այն ժամանակ նավթատարի պայթյունի հետևանքով զոհվել էր 11 մարդ, իսկ միլիոնավոր բարել նավթ պարզապես թափվել էր Մեքսիկական ծոց: